90-րդ «Օսկար»-ին ընդառաջ. հետաքրքիր փաստեր՝ հոբելյանական արարողության մասին

12:05   2 մարտի, 2018

Մարտի 4-ին Լոս Անջելեսում կկայանա «Օսկար» մրցանակաբաշխության 90-րդ արարողությունը։ Ինչպես անցած տարի՝ այս տարի ևս արարողությունը վարելու է Ջիմի Քիմելը։

Արարողությունն, ինչպես միշտ, կանցկացվի Dolby Theater-ում։ Սովորաբար արարողությունն անցնում է փետրվարին, սակայն այս անգամ այն մարտի սկզբին է ծրագրված, քանի որ փետրվարին ուշադրությունը կենտրոնացած էր Հարավային Կորեայում կայացած Ձմեռային Օլիմպիադայի վրա։

Այս տարի շատ բարդ էր ընտրել առաջատարներին, ու ակադեմիկոսների տեսակետներն այս հարցում ձևավորվել են միայն աշնան երկրորդ կեսին։ Ամենաշատ անվանակարգերը բաժին են ընկել հետևյալ ֆիլմերին՝ Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (13 անվանակարգ), Քրիստոֆեր Նոլանի «Դյունքերքը» (8 անվանակարգ), Մարտին Մակդոնահի «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» (7 անվանակարգ) եւ Ջո Ռայթի «Մութ ժամանակները» (6 անվանակարգ)։

«Ջրի ձևը» ֆիլմի թողարկումից առաջ միանշանակ առաջատար էր «Դյունքերքը», բայց կինոքննադատներին, կարծես, հոգնեցրել է զանգվածային մարտերով ռազմական թեմատիկան, ու նրանց համակրանքը տեղաշարժվել է դեպի Գիլյերմո դել Տորոյի ֆիլմը։ Դրա համար էլ Նոլանն, ամենայն հավանականությամբ, «Օսկարի» գլխավոր մրցանակին չի արժանանա։ Բայց ևս մեկ ինտրիգ կա՝ Մարտին Մակդոնահը «Բիլբորդների» թողարկումից հետո դարձել է դել Տորոյի լուրջ մրցակիցը։ Մակդոնահի ֆիմը «Օսկարին» է մոտենում բազմաթիվ մրցանակներով, որոնք կինոակադեմիկոսները չեն կարող հաշվի չառնել։ Այն արդեն ստացել է չորս «Ոսկե Գլոբուս» և Կինոդերասանների գիլդիայի երեք մրցանակ։

«Լավագույն դերասան» եւ «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում 2018-ի «Օսկարի» գլխավոր հավակնորդներից են Մերիլ Սթրիփն ու Գարի Օլդմանը։ Սթրիփը ռեկորդակիր է իր կարիերայի ընթացքում «Օսկարի» անվանակարգերի քանակով. նա առաջադրվել է 21 անվանակարգում և երեք անգամ ստացել ոսկե արձանիկ։ Դերասանուհին չորրորդ արձանիկը կարող է ստանալ Քեյ Գրեմի դերի համար՝ Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսյե» դրամատիկ թրիլերում։ Սակայն իրավիճակն այնպես է դասավորվում, որ «Օսկարը», ամենայն հավանականությամբ, կստանա Ֆրենսիս Մաքդորմանդը՝ «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում միայնակ մայր Միլդրեդ Հեյզի դերի համար, և նա իրոք արժանի է դրան։ Հիշեցնենք, որ դերասանուհին արդեն «Ոսկե Գլոբուս» է ստացել այդ դերի համար, իսկ դա, ինչպես գիտենք, լավ նշան է։

Իսկ, ահա, լավագույն դերասանի կոչման հիմնական հավակնորդներից մեկը՝ Գարի Օլդմանը, չնայած իր մեծ հռչակին, ընդամենը մեկ անգամ է առաջադրված եղել «Օսկարի»։ 2018-ի «Օսկար» մրցանակաբաշխության ֆավորիտների շարքում Օլդմանը հայտնվել է «Մութ ժամանակներ» ֆիլմում վարչապետ Ուինսթոն Չերչիլի դերի փայլուն կատարման համար։

 



© NEWS.am STYLE