Պոռնոդերասանուհին դատի է տվել Դոնալդ Թրամփին

11:06   7 մարտի, 2018

Արդեն մեկ ամիս է՝ սեռական ոտնձգությունների հետ կապված հոլիվուդյան սկանդալների ֆոնին արևմտյան մամուլում զարգանում է նաև Դոնալդ Թրամփին վերաբերող սեքս սկանդալը։ Թրամփը 130 000 դոլար է վճարել նախկին պոռնոդերասանուհուն՝ իր հետ կապի մասին լռելու համար։

Դոնալդ Թրամփի փաստաբանները վճարել են նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին, որը պոռնոֆիլմերում Սթորմի Դենիելս անունով է հանդես գալիս։ Նրան գումար են առաջարկել այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդամենը մեկ ամիս էր մնում, այսինքն 2016 թ հոկտեմբերին։ Ի դեպ, Դոնալդն այն ժամանակ արդեն ամուսնացած էր Մելանիայի հետ։

CNN-ը հայտնում է, որ հիմա Ստեֆանին դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Լոս Անջելեսի դատարան ներկայացրած հայցում դերասանուհին նշում է, որ Թրամփը արդյունքում չի ստորագրել չհրապարակման մասին պայմանագիրը, չնայած դերասանուհին ինքը, նրա փաստաբաններն ու նախագահի փաստաբանը ստորագրել են։ Խոսքը այն համաձայնագրի մասին է, որով կողմերը՝ Դենիելսն ու Թրամփը, պարտավորվում են  հրապարակայնորեն չխոսել իրենց «ինտիմ կապի» մասին, որն, ըստ հայցի, տևել է 2006-ի ամառվանից մինչև 2007 թ։

Մամուլում հայտնվել են կողմերի ստորագրած պայմանագրի պատճենները։ Ըստ այդ պայմանագրի՝ ոչ Թրամփը, ոչ Դենիելսը չպետք է հրապարակեն այդ անձնական տեղեկությունը, իսկ պոռնոդերասանուհին փաստաբանի միջոցով ստանում է վերոնշյալ գումարը։ Իսկ հիմա պոռնոաստղը դատի է տվել նախագահին, քանի որ վստահ է, որ առանց Թրամփի ստորագրության այդ պայմանագիրը ուժի մեջ չի մտնի։ Դենիելսը պահանջում է անվավեր ճանաչել փաստաթուղթը։

Լուսանկարները՝ FirmMagic

 



© NEWS.am STYLE