Շադեն յոթ տարվա ընթացքում առաջին անգամ նոր սինգլ է թողարկել

16:06   7 մարտի, 2018

Ո՞վ կարող է համեմատվել նրա հետ։ Հոյակապ ձայն, հոյակապ կերպար. խոսքը երգչուհի Շադեի մասին է, որն իր YouTube-ի ալիքում ներկայացրել է Flower of the Universe երգը, որը ձայնագրվել է ռեժիսոր Ավա Դյուբերնեյի A Wrinkle in Time՝ «Ժամանակի բեկում» ֆիլմի համար։ Թրեքի պրոդյուսերը No I.D-ն է, որը հայտնի է Քանյե Ուեսթի, Ջեյ Զիի, Բիգ Շոնի ու Նասի հետ իր համագործակցությամբ։

Շադեն վերջին անգամ նոր ձայնագրություն էր թողարկել 2011-ին. դա հիթերի հավաքածու էր The Ultimate Collection  անվանումով։ Այդ ամբողջ ընթացքում երգչուհին հազվադեպ էր հաղորդակցվում մամուլի հետ ու գրեթե ելույթ չէր ունենում։

«Ես երբեք չէի կարծի, թե նա կասի «այո», բայց միևնույն է՝ հարցրեցի։ Պարզվեց, որ նա բարի ու առատաձեռն է։ Աստվածուհի։ Մենք միասին սկսեցինք ճամփորդություն, որը ես երբեք չեմ մոռանա։ Հպարտությամբ հայտարարում եմ, որ Շադեն ձայնագրել է յուրահատուկ երգ՝ «Ժամանակի բեկում» ֆիլմի համար։ Այն կոչվում է Flower of the Universe։ Ու դա երազանք է, որը իրականություն է դարձել»,- գրել է Ավա Դյուբերնեյն իր Twitter-ում։

«Ժամանակի բեկում» ֆիլմը պատմում է Մեգ անունով աղջկա մասին, որը ճամփորդում է ժամանակի մեջ՝ որոնելով իր հորը։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Օփրա Ուինֆրին, Ռիզ Ուիզերսփունը, Մինդի Քալինգն ու Զակ Գալիֆիանակիսը։



© NEWS.am STYLE