Մարտիության խոհեր. տոն, որը միշտ մեզ հետ չէ

20:35   8 մարտի, 2018

Այս հոդվածը միտումնավոր ենք հրապարկում Մարտի 8-ի երեկոյան, երբ տոնն արդեն ավարտված է, բոլոր ծաղկեփնջերը, ապարանջաններն ու մորթյա բաճկոնները՝ նվիրված: Իհարկե, չենք եկել, որ ձեր տոնը փչացնենք, պարզապես կցանկանայինք, որ յուրաքանչուր կին մի փոքր խորհեր օրվա խորհրդի մասին: Չենք պատրաստվում նաեւ պատմական ակնարկ անել, թե երբ եւ ինչպես է առաջացել Մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր տոնելու ավանդույթը. Google-ը ձեզ օգնական: Պարզապես կցանկանայինք եւս մեկ անգամ հիշեցնել, որ ծաղիկներից եւ զարդերից, սմարթֆոններից ու այլ նյութական իրերից զատ՝ կարեւոր է պայքարել նաեւ սեփական իրավունքների համար:

Կլարա Ցետկինն ու այլ հեղափոխական կանայք ոտքի չէին ելել, որպեսզի այսօր դուք վերջապես կորզեք ձեր հայրիկից կամ սիրելի տղամարդուց I phone-ի հերթական նոր մոդելը: Չնայած նրան, որ դրսում 21-րդ դարն է, կանանց իրավահավասարության խնդիրը գերակա է շատ երկրներում եւ մանավանդ՝ Հայաստանում:

«Կնոջ տեղը խոհանոցում է», «Կնոջ առաքելությունը միայն մայրանալն է», «Կնոջ կուսությունը եկեղեցի է», «Կինը չպետք է աշխատի». այս եւ նմանատիպ այլ արտահայտությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ կնոջ իրավունքների կոպիտ ոտնահարում: Որեւէ մեկը կասկածի տակ չի առնում կնոջ բարոյականությունը կամ մայրության գաղափարի վեհությունը, պարզապես պետք է գիտակցել, որ կինը կարող է լինել եւ լավ խոհարար, եւ լավ դեղագործ, օրինակ: Կինը կարող է խնամել իր փոքրիկին՝ զուգահեռ գիրք ընթերցելով: Կինը կարող է սեռական կյանքով ապրել մինչ ամուսնությունը եւ լինել բարոյական: Բոլոր հակառակ պնդումները ոչ այլ ինչ են, եթե ոչ տղամարդկային ուժի գերակայության ապացույց: Այս բոլոր կարծրատիպերը, որոնք ձեւավորվել են հասարակության մեջ կնոջ հանդեպ, «փոխհատուցվում են» տարվա մեջ ընդամենը մեկ օր՝ հաճոյախոսությունների ու ամեն քայլափոխի շռայլվող ծաղիկների միջոցով:

Ես չեմ ուզում, որ Մարտի 8-ին ծանոթ կամ անծանոթ մարդիկ ինձ վարդեր նվիրեն, ես ուզում եմ, որ նրանք հարգեն իմ՝ սովորելու եւ աշխատելու իրավունքը: Ես չեմ ուզում, որ Մարտի 8-ին ծանոթ կամ անծանոթ տղամարդիկ իմ առջեւ դուռ բացեն կամ փակեն սրճարանում խմած սուրճի հաշիվը, ես ուզում եմ, որ նրանք հասկանան՝ ես կարող եմ նրանց հավասար աշխատավարձ ստանալ ու ինքս փակել բոլոր հաշիվները: Ես չեմ ուզում, որ Մարտի 8-ին հարեւանի կանայք ափսոսանք հայտնեն, որ ես դեռ ամուսնացած չեմ ու կրկին որեւէ «լավ տղու» փորձեն «կապել» ինձ: Ես ուզում եմ, որ նրանք հասկանան, որ միայն ես իրավունք ունեմ ընտրելու՝ երբ եւ ում հետ ամուսնանալ: Ես ուզում եմ, որ Մարտի 8-ին միայնակ մայրերը չտխրեն նվերների կամ ծաղիկների բացակայությունից: Ես ուզում եմ, որ այդ կանայք հասկանան՝ իրենք չպետք է կախված լինեն տղամարդուց: Որովհետեւ, ամեն ինչից զատ, ծաղիկներն էլ, I phone-ներն էլ անցողիկ են, իսկ իրավունքները՝ հավերժ: Ու եթե ժամանակին չլինեին իրենց իրավունքների համար պայքարող կանայք, գուցե ես այսօր չկարողանայի գրել այս հոդվածը, դուք էլ՝ կարդալ այն…

 

Աննուշկա



© NEWS.am STYLE