Ինչո՞ւ Վրաստանում պետությունն աջակցում է էլեկտրոնային երաժշտությանը, Հայաստանում՝ ոչ. Այսօր DJ-ների միջազգային օրն է

14:40   9 մարտի, 2018

Մարտի 9-ը DJ-ների միջազգային օրն է: Աշխարհում այն սկսել են տոնել 2002 թվականից, իսկ Հայաստանում օրը վերջին 3-4 տարին է, որ ակտիվորեն նշվում է դիջեյների եւ ակումբային երաժշտության սիրահարների կողմից: 

Օրվա առթիվ այսօր Երեւանում DJ Guevo-ն, DJ Arni Rock-ն ու Բելգիայից հրավիրված DJ Jerry Ropero-ն հանդիպեցին լրագրողների հետ:

«Չենք կարող ասել, որ գիշերային կյանքը Հայաստանում գերզարգացած է: Միայն Երեւանում մեկ-երկու ակումբ ունենք, որ հենց գիշերային ակումբ են աշխատում որպես, բայց չենք կարող ասել, որ ակումբային երեկոները լեփ-լեցուն են, կամ որ 24 ժամյա հավքույթներ ենք ունենում»,- ասաց DJ Guevo-ն՝ հավելելով, որ թեեւ դանդաղ, բայց ակումբային կյանքը զարգանում է:

Նրա խոսքով՝ դիջեյները մեզ մոտ լավ են վարձատրվում, սակայն նրանց համար խնդիրը մնում է այն, որ էլեկտրոնային երաժշտությունը չի զարգանում Հայաստանում. պահանջարկ չկա: Դիջեյները դա կապում են պետության անտարբերության եւ հայ ազգի մենթալիտետի հետ.

«Վրաստանում, օրինակ, պետության կողմից ամբողջությամբ օգնություն է հատկացվում, մեծ փառատոներ են կազմակերպվում, որոնց մենք տարիներ շարունակ ներկա ենք եղել եւ կարող ենք ասել, որ ահռելի թվով տուրիստներ կան, կարողանում են թիվ մեկ DJ-ների հրավիրել: Եթե պետական աջակցություն լինի, խոսքը միայն ճանապարհ փակելու մասին չէ, այլ ֆինանսական աջակցության, ապա մենք էլ կկարողանանք նման փառատոներ անցկացնել»,- նշեց DJ Guevo-ն:

DJ Arni Rock-ն դժգոհեց, որ մշակույթի նախարարությունը զբաղված է, օրինակ, ցածրորակ երաժշտությունն արգելելով, սակայն լավ կլիներ, որ այն աջակցեր նաեւ երիտասարդներին, որոնք ակումբային եւ էլեկտրոնային երաժշտության քարոզողներն են:

«Իհարկե, կարեւոր դեր ունի նաեւ պահպանողականությունը, քանի որ ակումբային երեկոների մասին սխալ կարծիք կա ձեւավորված հասարակության մեջ», - ասաց նա:

Բելգիայից հրավիրված DJ Jerry Ropero-ն առաջին անգամ է Հայաստանում: Դեռ չի հասցրել ուսումնասիրել մեր երկիրը, բայց խոստացել է հայերեն սովորել: Նա նշեց, որ դիջեյությունը շատ մադրկանց համար նյութապես ապահովված լինելու խնդիր է լուծում, իսկ իր համար դա հոբբի է, քանի որ ինքն այլ ոլորտներում էլ է աշխատում:

Նշենք, որ մարտի 9-ը տոնվում է որպես DJ-ների օր՝ սկսած 2002 թվականից: Եվրոպայի ակումբներում աշխատող հայտնի DJ-ներն ի սկզբանե որոշել էին այս օրն ակցիաներ կազմակերպել՝ ի աջակցության հիվանդ երեխաների: Նրանք բարեգործական համերգներ էին կազմակերպում կամ օգնում փոքրիկներին բուժվել երաժշտությամբ եւ պարերով: Մի քանի տարից անց դիջեյների ակցիաները սկսեցին լուսաբանել խոշոր ռադիոընկերություններ:



© NEWS.am STYLE