Լիի բլոգը. Գեղեցկության սրահ Երեւանում. առասպելներ եւ մոլորություններ եղունգների խնամքի ծառայության մասին

19:05   11 մարտի, 2018

Ես Լին եմ, եւ այսօր զուտ կանացի գործով եմ զբաղվելու: Պաշտում եմ գեղեցկության սրահները, եւ որոշեցի պարզել, թե այս ոլորտում ինչ եւ ինչպես է տեղի ունենում Երեւանում:

Հայ աղջիկների ու կանանց գեղեցկությունը դարեր շարունակ ոչ միայն հայ տղամարդկանց, այլեւ այլ ազգերի ներկայացուցիչների զարմանքն ու հիացմունքն է առաջացրել:

Երբ Հայաստան եկա, հսկայական թվով գեղեցիկ եւ խնամված հայուհիների նկատեցի: Եվ ինձ հետաքրքրեց, թե որտեղ են նրանք գեղեցկանում եւ որտեղ կարող եմ նման վայր գտնել:) 

Այդ պատճառով առանց հապաղելու որոշեցի որոնել բարձրորակ մասնագետներով նորաձեւ, հարմարավետ գեղեցկության սրահ, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Լուրջ չափանիշներ են, այդպես չէ՞։

Ամբողջ ցանկից ես ընտրեցի այն, որն ինձ ամենաշատը դուր եկավ, ու որոշեցի պարզել, թե ի՞նչ արժեն ամենապահանջված պրոցեդուրաները Երևանում։

Նախ՝ պեդիկյուրի մասին: Այն ոչ պակաս կարեւոր է կանանց համար, որքան, ասենք, ճիշտ դիմահարդարումը, սանրվածքն ու մատնահարդարումը: Բայց մինչ մասնագետին դիմելը եկեք ցրենք պեդիկյուրի հետ կապված մի քանի առասպել:

1.«Ոտքերի եղունգները պետք է կարճ լինեն՝ ներաճից խուսափելու համար»

Սա թիվ մեկ մոլորությունն է: Ոտքերի եղունգների ներաճը երկու պատճառ ունի. եթե շատ կարճ եք կտրում եղունգները, կամ մշտապես հեռացնում եք եղունգների անկյունային հատվածը:

2.«Պեդիկյուր կարելի է անել միայն ամռանը»

Եթե նույնիսկ միայն ամռանն ենք մեր ոտքերն ի ցույց գնում, դա չի նշանակում, որ պեդիկյուրը սեզոնային պետք է լինի: Ձմռանը, աշնանն ու գարնանը մենք քայլում ենք նույնքան, որքան ամռանը: Այնպես որ՝ աղջիկներ, չենք մոռանում կանոնավորապես հետեւել ոտքերի խնամքին:

3.«Ածելին լավագույն միջոցն է ոտքերի կոշտուկների դեմ»

Սուր ածելիով կոշտուկները հեռացնելը մեծ վտանգներ է պարունակում: Փոխարենը բազմաթիվ անվնաս միջոցներ կան: Դրանցից մեկը խարտոցն է:

Իսկ հիմա սահուն կերպով անցում կատարենք շելլաքի ծածկույթով մատնահարդարմանը եւ ցրենք դրա հետ կապված ամենատարածված առասպելները:

«Շելլաքով եղունգները պատելը վնասակար է, քանի որ վնասում է եղունգների վերին շերտը»

Վնասակար է ոչ թե շելլաքը, այլ այն հանելու պրոցեսը, հատկապես, եթե դա անում ես տան պայմաններում: Չնայած... Նույնիսկ տանը կարելի է խնամքով, գեղեցիկ եւ առանց առողջությանը վնաս հասցնելու հանել շելլաքը: Միայն թե ցանկություն լինի:

«Որպեսզի շելլաքը հարթ լինի, հարկավոր է խարտել վերջին շերտը»

Ոչ մի դեպքում: Եթե եղունգները շելլաքով եք պատում, դրա կարիքը չկա: Հետեւաբար՝ եղունգները չեն բարակում, ինչպես արհեստական երկարացնելու դեպքում: Այդ պատճառով, եթե տեսնում եք, որ մատնահարդարման մասնագետը խարտոց է վերցնում եւ պատրաստվում է դա անել, համարձակ կերպով հեռացեք՝ ոչ մի բառ չասելով:

«Լամպերը, որոնց ներքո չորանում է ծածկույթը, կարող են պիգմենտներ առաջացնել»

Գոյություն ունի լամպերի երկու տեսակ՝ ուլրամանուշակագույն եւ լուսադիոդային: Առաջինը շելլաքը չորացնում է երկու րոպեում, երկրորդը՝ վայրկյանից մինչեւ մեկ րոպեի ընթացքում: Բայց դրանցից ոչ մեկը պիգմենտներ չի առաջացնում, քանի որ դրա համար հզորությունը բավարար չէ, ինչպես, օրինակ, սոլյարիում:

Աղջիկներ, եղեք գեղեցիկ եւ հիշեք, որ գեղեցկությունը ոչ մի դեպքում չպետք է վնասի ձեր առողջությանը:

 

Նկարահանումները՝ H2O beauty lounge-ում

Գաղափարի հեղինակներ՝ Լիանա Խուդոյան եւ Պարույր Սինյավսկին



© NEWS.am STYLE