Սուպերմոդել Քեյթ Ափթոնը հրաժարվել է Guess–ի հիմնադրի դեմ սեռական ոտնձգության մասին ցուցմունք տալ

16:40   12 մարտի, 2018

Այ, սա արդեն հետաքրքիր է: Հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել Guess նորաձեւության տան հիմնադիր Փոլ Մարչիանոն, որին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել Քեյթ Ափթոնը։

«Ինձ վշտացնում է այն, որ Guess կուլտային ապրանքանիշն առաջվա պես ընդլայնում է Փոլ Մարչիանոյի հնարավորությունները՝ որպես կրեատիվ տնօրեն»,- գրել է 25-ամյա աղջիկն իր Twitter-ում՝ խոստովանելով, որ սեռական ոտնձգությունների է ենթարկվել Մարչիանոյի կողմից։

Փոլը հերքել է մեղադրանքը, իսկ Քեյթը պնդել է իր արդարացիությունը: Բայց, ահա, TMZ-ը գրում է, որ 25-ամյա մոդելը հրաժարվում է խոսել եւ մանրամասներ ներկայացնել փաստաբաններին, չնայած սկզբում հայտարարել է, որ կհամագործակցի ապրանքանիշի հետ պարզաբանումների նպատակով:



«Ես պայմանավորվել էի, որ անկախ հետաքննություն կընթանա, անկախ փաստաբանների հետ համատեղ, իսկ ինձ ծանոթացրեցին բրենդին պատկանող ընկերության փաստաբանի հետ։ Բնական է, որ հետաքննությունը չէր կարող օբյեկտիվ լինել, այդ պատճառով ես հրաժարվեցի»,–նշում է Ափթոնը։

Կայքը, սակայն, պարզել է, որ փաստաբանը ներկայացնում էր լոսանջելեսյան Glaser and Glaser ընկերությունը, որը ոչ մի կապ չունի Guess-ի հետ։

Մոդելի փաստաբանները նույնպես հրաժարվում են համագործակցել ընկերության հետ։



© NEWS.am STYLE