Մայլի Սայրուսից 300 միլիոն դոլար են պահանջում պլագիատի համար

14:41   14 մարտի, 2018

Մայլի Սայրուսը տհաճ պատմության մեջ է հայտնվել։ Reuters-ի փոխանցմամբ՝ 25-ամյա երգչուհին շուտով ստիպված կլինի վճարել 300 միլիոն դոլար պլագիատի համար։ Ճամայկացի երաժիշտ Մայքլ Մեյը, որը հանդես է գալիս Flourgon կեղծանվամբ, մեղադրում է ամերիկյան փոփ աստղին երգի գրագողության մեջ։ Բողոքի պատճառը Սայրուսի Bangerz չորրորդ ալբոմի We Can't Stop երգն է, որը թողարկվել է 2013 թվականին։

We Can't Stop երգը հիշեցնում է We Run Things երգը, որը ձայնագրվել է 1988 թվականին։ Մեյի խոսքով, իր ստեղծագործությունը սիրում են ռեգիի սիրահարներն ամբողջ աշխարհում։

Մեյի կարծիքով, երգը, որը 2013 թվականի օգոստոսին Billboard ամերիկյան չարթում գրավել է երկրորդ տեղը, փաստացիորեն, հաջողության համար պարտական է 30 տարի առաջ ստեղծված իր աշխատանքին՝ յուրահատուկ, նորարական եւ բացառիկ կոնտենտով։

Բացի 300 մլն դոլարի փոխհատուցումից, Մեյը դատարանից պահանջում է արգելել We Can't Stop սինգլի տարածումը, վաճառքը եւ կատարումը:

Հայցի պատասխանող կողմ են հայտարարվել Սայրուսը եւ նրա երգի ձայնագրող RCA Records լեյբլը, որը պատկանում է Sony ընկերությանը։ Դեռեւս ո՛չ երգչուհին, ո՛չ ընկերությունը չեն մեկնաբանել իրավիճակը։



© NEWS.am STYLE