Քվենտին Տարանտինոն Մարգո Ռոբբիին հրավիրել է իր նոր ֆիլմում խաղալու

17:41   14 մարտի, 2018

Ինչպես հայտնի է, Քվենտին Տարանտինոն պատրաստվում է նոր գլուխգործոց նկարահանել։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ ֆիլմում նկարահանվելու են Հոլիվուդի միանգամից երկու սրտակերներ՝ Բրեդ Փիթն ու Լեոնարդո դի Կապրիոն։

Variety-ն գրում է, որ 54-ամյա Փիթն ու 43-ամյա Լեոն նկարահանվելու են Տարանտինոյի ֆիլմում, որը կոչվում է «Մի անգամ Հոլիվուդում»։ Ֆիլմը պատմում է 1969 թվականի՝ հիփի շարժման ամենաթեժ ժամանակաշրջանի մասին։ Ֆիլմի սյուժետը կառուցվելու է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի աղանդի ու Շերոն Թեյթի՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ սպանության շուրջ։ Լեոն կատարում է վեստերնների նախկին աստղ Ռիկի Դալթոնի դերը, իսկ Փիթը՝ նրա կրկնորդ Քլիֆ Բութի դերը։ Երկու հերոսներն էլ չեն կարողանում գտնել իրենց տեղն ու չեն ճանաչում Հոլիվուդը։ Ըստ սյուժետի՝ Դալթոնի հարևանուհին Թեյթն է լինելու։

Ֆիլմն էկրաններին կցուցադրվի 2019-ի օգոստոսի 9-ին՝ Մենսոնի աղանդի անդամների կողմից Շերոն Թեյթի սպանության օրվանից ուղիղ 50 տարի անց։

Deadline-ն, իր հերթին, հայտնում է, որ Մարգո Ռոբբին պաշտոնապես հրավիրել են Տարանտինոյի նոր ֆիլմում խաղալու: 27-ամյա դերասանուհու հետ արդեն բանակցություններ են տարվում:

Ռոբբիին առաջարկել են մարմնավորել Ռոման Պոլանսկիի կնոջ՝ Շերոն Թեյթին:

 

 Լուսանկարները՝ Backgrid, Getty



© NEWS.am STYLE