Քիմ Քարդաշյանը պատմել է իր կտակի մասին

14:05   16 մարտի, 2018

Այսօր մենք արդեն Ձեզ ցույց ենք տվել Elle ամսագրի տեսահոլովակը, որի ապրիլյան համարը Քիմ Քարդաշյանի մասին է լինելու։ Ամսագրին տված հարցազրույցում 37-ամյա հայուհին պատմել է իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի, երեք զավակների՝ դուստրեր Նորթի ու Չիկագոյի, եւ որդի Սեյնթի, փոխնակ մոր ու առողջական խնդիրների մասին։

Իսկ տեսահոլովակում Քիմ Քարդաշյանն ընթերցում է ամսագրերում ու վեբ պարբերականներում իր մասին հրապարակումների վերնագրերն ու մեկնաբանում դրանք՝ նշելով, թե որն է համապատասխանում ճշմարտությանը, իսկ որը՝ ոչ։  

Քիմ Քարդաշյանը որոշել է մեկնաբանել հրապարակումների վերնագրերից մեկը, որտեղ ասված էր, որ նրա մազերը, դատելով նրա կտակից, նույնիսկ մահից հետո խնամված կլինեն։

«Ես ուզում եմ հնարավորինս գեղեցիկ լինել։ Իմ կտակում կա մի հատված այն մասին, որ եթե ես լինեմ անմեղսունակ, չկարողանամ խոսել ու ինքնուրույն հոգալ իմ բնական կարիքները, ապա ես պետք է վստահ լինեմ, որ իմ մազերը, եղունգները ու մեյքափը միշտ պատշաճ վիճակում կլինեն»,- ասել է Քիմը։

 



© NEWS.am STYLE