Գարուն-ամառ 2013-ի աքսեսուարներ

20:18   7 մայիսի, 2013

Նորաձեւության սիրահարների զգեստապահարանում մեծ դեր են խաղում աքսեսուարները: NEWS.am STYLE-ը ձեզ կօգնի ընտրել աքսեսուարներ, որոնք համապատասխանում են գարուն-ամառ սեզոնի նորաձեւության միտումներին:

Այս տարի աքսեսուարների շարքում առաջին տեղում գոտին է: Կարող եք կրել տարբեր ձեւի գոտիներ: Դրանք կարող են լինել լայն, նեղ եւ կարեւոր չէ, թե ինչ նյութից: Նորաձեւ են հատկապես արհեստական եւ բնական քարերով գոտիները: Calvin Klein-ը, Christian Dior-ը եւ նորաձեւության այլ տներ իրենց ցուցադրություններում ներկայացրել են ժապավենով գոտիներ: Այդ նուրբ տարրը ձեզ կօգնի ռոմանտիկ եւ կանացի կերպար ստեղծել:

 

Այս սեզոնի նորաձեւության մյուս աքսեսուարը զարդերն են: Մեկ նկատառում նորաձեւության սիրահարների համար. հիշեք, որ այս սեզոնին զարդերը պետք է լինեն խոշոր եւ վառ: Նորաձեւ են ոսկեգույնը եւ դրա բոլոր երանգները: Մի մոռացեք նաեւ էթնիկ ոճի մասին: Լայն ապարանջաններ՝ մեծ եւ վառ քարերով, ինչպես նաեւ մեծ ականջօղեր. սրանք այս սեզոնին արդիական են: Ինչ վերաբերում է մատանիներին, ապա ցանկալի է, որ դրանք լինեն բնական կիսաթանկարժեք քարերով:

 

Հետո, իհարկե, ակնոցներն են: Առանց դրանց ինչպե՞ս. հատկապես գարնանն ու ամռանը: Այս սեզոնին ձեր կերպարը լրացնելու հարցում կօգնեն մի քանի ոճի ակնոցները. ավիատոր-ակնոցները, թիթեռնիկ-ակնոցները եւ կատվի աչքեր-ակնոցները: Գույները կարող են լինել ինչպես մուգ, այնպես էլ վառ: Կարեւորը՝ ակնոցի գույնը հագուստի գույնի հետ ճիշտ համադրելն է:

 

Եվս մեկ պարտադիր աքսեսուար է դարձել ժամացույցը: Այն պետք է լինի փոքր, բայց երկար գոտիով: Դրանք կարող են լինել փոքրիկ քարերով կամ բազմերանգ ժապավեններով: Նման ժամացույցները նրբագեղ ապարանջանի տեսք կհաղորդեն:



© NEWS.am STYLE