Հավերժ միասին. սիամական երկվորյակներ, որոնք բարեհաջող անձնական կյանք ու կարիերա են ունեցել

18:35   17 մարտի, 2018

Այդ հիմա է բժշկությունն այնքան զարգացել, որ կարող է «բաժանել» սիամական երկվորյակներին, սակայն նախկինում դա անհնար էր, եւ նրանք ստիպված էին մինչեւ մահ մեկ մարդու կյանքով ապրել: Cosmo.ru-ն ներկայացնում է սիամական երկվորյակների, որոնց «միությունը» չի խանգարել հաջող կարիերա անել եւ ունենալ անձնական կյանք:

Չանգ եւ Էնգ Բանքերներ

1811 թվականին Սիամում արտասովոր երախաներ ծնվեցին, այնքան արտասովոր, որ Սիամի թագավորը հրամայեց սպանել երեխաներին, որոպեսզի նրանք հանկարծ «վարակի» աղբյուր չդառնան: Սակայն մայրը հրաժարվում է կատարել թագավորի հրամանն ու փրկում իր երեխաներին: Շուտով Չանգին եւ Էնգին նկատում է բրիտանացի գործարար Ռոբերտ Հանթերն ու առաջարկում նրանց խաղալ իր կրկեսում: Այդպիսով, եղբայրները շրջագայում են ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում մինչեւ 21 տարեկանը: Այդ տարիքում նրանք բավականին խոշոր գումար են կուտակած լինում եւ կարողանում են ԱՄՆ-ում ֆերմա գնել: 1843-ին եղբայրներն ամուսնանում են երկու քույրերի հետ: Չանգն ունենում է 10 զավակ, Էնգը՝ 11: Եղբայրները մահանում են 63 տարեկանում:

Ռոզա եւ Ժոզեֆա Բլաժեկներ

Քույրերը ծնվել են Բոհեմիայում (ներկայում՝ Չեխիա), 1878 թվականին: Ծնողներն այքան վախեցած էին նրանց տեսքից, որ որոշում են չկերակրել նրանց այնքան ժամանակ, մինչ նրանք կմահանան: Հայտնի չէ, սակայն, թե հետագայում ինչն է ստիպել նրանց մտափոխվել: Քանի որ քույրերը չէին կարող սովորել մյուս երեխաների հետ, ծնողները որոշում են նրանց տանը կրթել՝ սովորեցնելով պարել եւ նվագել: Շուտով Ռոզան սիրահարվում է մի գերմանացի սպայի: Ռոզան եւ Ժոզեֆինան մեկ ընդհանուր սեռական օրգան ունեին, այդ իսկ պատճառով սկզբնական շրջանում սեքսի մասին խոսք անգամ չէր կարող լինել, բայց կարճ ժամանակ անց Ժոզեֆան տեղի է տալիս եւ թույլատրում քրոջն իր սիրելիի հետ սեքսով զբաղվել: Արդյունքում Ռոզան հղիանում է: Հենց Ռոզան, քանի որ երկվորյակներից յուրաքանչյուրն իր արգանդն ուներ: Երախան բացարձակ առողջ է ծնվում: Գերմանացի սպան, սակայն, զոհվում է պատերազմում: Որոշ ժամանակ անց քույրերը կրկին սիրահարվում են եւ ցանկանում ամուսնանալ, սակայն նրանց չեն թույլատրում՝ պնդելով, որ դա երկակի ամուսնություն է, ինչն անօրինական է:

Ռոզան եւ Ժոզեֆան մահանում են 1922-ին: Ժոզեֆան հիվանդանում է դեղնախտով: Բժիշկներն առաջարկում են առանձնացնել Ռոզային, որպեսզի գոնե նրա կյանքը փրկեն, սակայն նա հրաժարվում է:

Միլի եւ Քրիստինա Մակոյներ

Աղջիկները ծնվել են Հարավային Կարոլինայում՝ ստրուկների ընտանիքում: Երբ նրանք ութ ամսական են դառնում, նրանց մոր հետ վաճառում են: Նոր տերն անմիջապես որոշում է աղջիկներին ներգրավել կրկեսում: Նրանց սովորեցնում են երգել: Տիրոջ մահից հետո աղջիկներին «ժառանգում է» նրա որդին՝ Ժոզեֆը, եւ որոշում քույրերին աստղ դարձնել: Մակոյներն այնքան լավ են երգում, որ շուտով բոլոը մոռանում են նրանց ֆիզիկական խնդիրների մասին:

Ստրկության վերացումից հետո քույրերը, որոնք արդեն բավականաչափ հարուստ էին, վերադառնում են Հարավային Կարոլինա, տուն գնում ու ապրում միասին մինչեւ 61 տարեկանը:

Աղբյուրը՝ Cosmo.ru

Թարգմանությունը՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE