«Աստված մազերիս կորստի միջոցով ցանկացել է ինձ հասկացնել, որ ես էլ սովորական մարդ եմ». Բրյուս Ուիլիսը դարձավ 63 տարեկան (ֆոտո/վիդեո)

14:32   19 մարտի, 2018

Գերմանական արմատներ ունեցող ամերիկացի հայտնի դերասան Բրյուս Ուիլիսն այսօր՝ մարտի 19-ին, նշում է ծննդյան 63-ամյակը: Ուիլիսը համարվում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը: Նա առավել հայտնի է «Ամուր կաղինը», «Նրան սազում է մահը», «Քրեական ընթերցում», «12 կապիկ», «Հինգերորդ տարրը», «Արմագեդոն», «Վեցերորդ զգայարան», «Մեղքերի քաղաքը» ֆիլմերում կերտած իր դերերով:

Որքան էլ որ զարմանալի է, Բրյուս Ուիլիսը պատկանում է հոլիվուդյան այն տաղանդավոր դերասանների շարքին, որոնք դեռեւս «Օսկարի» չեն արժանացել:

Ձեզ ենք ներկայացնում բոլոր տեսակի մրցակցություններից դուրս գտնվող դերասանի հայտնի մտքերից մի քանիսը.

«Անցյալը ջնջել չես կարող, բայց կարող ես այն չկրկնել»:

«Կնոջս հազար անգամ ասել եմ, որ սիրում եմ, բայց երբեք չեմ ասել՝ կներես»:

«Աստված մազերիս կորստի միջոցով ցանկացել է ինձ հասկացնել, որ ես էլ սովորական մարդ եմ»:

«Բոլորն էլ, անկախ տարիքից, 24 կամ 25 տարեկան են իրենց զգում»:

«Արվեստը կրկնօրինակում է կյանքը, երբեմն էլ հակառակն է լինում: Այս երկուսը կապված են միմյանց որոշակի տարրերով»:

«Ինձ բացարձակ հետաքրքիր չէ նկարահանվել այնպիսի ֆիլմերում, որոնք ինչ-որ հաղորդագրություն են պարունակում: Ես պարզապես ցանկանում եմ զվարճացնել մարդկանց»:

«Երբ մտածում ես մեծ սեր գտնելու մասին, երբեք մտքովդ չի անցնում, որ դու արդեն ճանաչում ես նրան: Միշտ ինչ-որ նոր մեկին ես փնտրում»:

«Ես ավելի հպարտ եմ այն բանի համար, որ հայր եմ, քան թե, որ հայտնի դերասան եմ»:

«Ես ուղղակի հասարակ տղա եմ, որն ունի օրհնված կյանք»:

«Հիսունն իրականում նոր քառասունն է: Ես միշտ մտածել եմ, որ ավելի հաջող կարիերա կունենամ հիսուն կամ վաթսուն տարեկանում»:

«Ես հավատում եմ արդարությանը եւ հավատում եմ, որ մարդիկ պատասխանատու են իրենց գործողությունների համար»:

Լուսանկարները՝ All Movie, New York Post, Film.ru



© NEWS.am STYLE