Հայտնի են Լոկառնոյի «Բաց դռներ» ծրագրի նախընտրական փուլի արդյունքները

10:26   8 մայիսի, 2013

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հրավերով 2012 թ-ի հոկտեմբերի 29-ից 30-ը Հայաստանում էին գտնվում  Լոկառնոյի կինոփառատոնի «Բաց դռներ» (Open Doors) ծրագրի տնօրեն Մարտինա Մալակրիդան (Martina Malacrida) և  փառատոնի խորհրդատու, տարածաշրջանային փորձագետ Ժոել Շապրոնը (Joel Chapron): «Ոսկե ծիրան»-ի դահլիճում կազմակերպված երկօրյա աշխատաժողովի և անհատական հանդիպումների  ժամանակ հյուրերը տեղացի կինոռեժիսորներին և պրոդյուսերներին ներկայացրեցին «Բաց դռներ»   ծրագիրը, որի նպատակն է օժանդակել  առաջնային  փուլում գտնվող նախագծերի զարգացմանը  և  գտնել համատեղ արտադրության գործընկերներ:

«Բաց դռներ» ծրագիրը յուրաքանչյուր տարի կենտրոնանում  է որևէ տարածաշրջանի վրա և այս տարի ծրագիրը նվիրված է Կովկասի տարածաշրջանի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին:

«Բաց դռներ» ծրագրին Հայաստանից ներկայացվել էր լիամետրաժ ֆիլմերի 38 նախագիծ, որոնցից ընտրվել են 5-ը` Օքսանա Միրզոյանի «Անդունդ», Նորա Մարտիրոսյանի «Տարածք», Լևոն Մինասյանի «Երկրորդ ճանապարհորդությունը», Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Դաշտ», Նիկա Շեկի և Սարիկ Հովսեփյանի «Երկար այգիներ» նախագծերը: Ընդհանուր առմամբ 3 երկրից ստացվել էր մոտ 116 հայտ, որի արդյունքում նախընտրական փուլն հաղթահարել են 12-ը:

«Բաց դռներ» ծրագիր կիրականացվի օգոստոսի 10-13-ը` Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս ծրագիրը բաղկացած կլինի երկու հիմնական մասերից: Ընտրված ծրագրերի ներկայացացիչների մասնակցությամբ տեղի կունենա աշխատաժողով, որի ընթացքում նախագծերի հեղինակները կհանդիպեն եվրոպացի պրոդյուսերների հետ, իսկ ժյուրիի կողմից հաղթող ճանաչված նախագծերը կպարգևատրվեն 40.000, 7.000 եւ 6.000 եվրո մրցանակներով:

Տեղեկացնենք նաև, որ Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի Կովկասյան ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նաև հայկական` վերջին 20 տարում նկարահանված ֆիլմերի մեծ ընտրանի:



© NEWS.am STYLE