«Որպես տղամարդ՝ նա իմ ճաշակով չէ». Լիլի Մորտոն՝ կենդանի Քենի հետ համբույրի եւ Մոսկվայում ստացած առաջարկի մասին

12:07   19 մարտի, 2018

Նա արդեն գրավել է հայկական համացանցն ու եթերը, այժմ՝ մյուս պետությունների հերթն է: Հայաստանի ամենասկանդալային մոդելը՝ Լիլի Մորտոն, օրերս մեկնել էր Մոսկվա, իսկ առիթը Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Мужское/Женское» հաղորդման կողմից ստացած հրավերն էր: Հենց այդ հաղորդման ընթացքում էլ Լիլին հանդիպել է ամենահայտնի կենդանի Քեն տիկնիկին՝ Ռոդրիգո Ալվեսին: Իսկ այսօր արդեն համացանցում քննարկում են ոչ միայն Լիլիի բարեմասնությունները, այլեւ Ռոդրիգոյի հետ նրա կրքոտ համբույրը:

Մոսկվայում անցկացրած իր օրերի եւ Ռոդրիգոյի հետ իր հարաբերությունների մասին մոդել-ոճաբանը պատմել է NEWS.am STYLE-ին:

«Հաղորդման թեման կենդանի տիկնիկներն էին, ինչի համար էլ արտերկրից Մոսկվա էր ժամանել ամբողջ աշխարհում ամենահայտնի Քեն տիկնիկը՝ Ռոդրիգո Ալվեսը: Նա փնտրում էր իր Բարբի տիկնիկին :) Բարբիի նման երեք աղջիկների էին հրավիրել որպես հյուր, որոնցից մեկը ես էի»:

Թե ում է ընտրել Ռոդրիգոն, պրոդյուսերները խնդրել են նրան առայժմ չբարձրաձայնել, իսկ, թե ինչու է նա համբուրել Լիլիին, պարզեցինք հենց մոդելից.

«Հաղորդումից հետո նա ինձ հրավիրեց ակումբ եւ ես զգացի, որ ցանկանում է մտերմություն հաստատել ինձ հետ: Հենց այդ ժամանակ էլ անսպասելի տեղի ունեցավ այդ համբույրը…»,-ասում է Լիլին, բայց նաեւ հերքում համացանցում տարածված լուրերն այն մասին, թե իր եւ Ռոդրիգոյի միջեւ սիրավեպ կա.

«Ռոդրիգո Ալվեսի հետ սիրավեպ չեմ կարող ունենալ, որովհետեւ որպես տղամարդ՝ նա իմ ճաշակով չէ: Բայց այդ երկու օրերի ընթացքում մենք հասցրեցինք շատ լավ ընկերներ դառնալ: Նա շատ տարօրինակ, հետաքրքիր ու յուրահատուկ մարդ է: Շարունակում ենք շփվել որպես ընկերներ: Առջեւում դեռ բազմաթիվ անելիքներ կան»:

Ի դեպ, Լիլին Հայաստան է վերադարձել նորություններով:

«Հենց այնտեղ ստացել եմ բազմաթիվ լուրջ ու հետաքրքիր առաջարկներ: Ռոդրիգո Ալվեսն ինձ հրավիրել է Լոնդոն՝ իր հետ հաղորդումների մասնակցելու: Նաեւ «Առաջին ալիքի» կողմից է առաջարկ եղել: Այնպես որ՝ հնարավոր է տեղափոխվեմ Մոսկվա»:

Լիլին առայժմ չցանկացավ բացել փակագծերը, իսկ անդրադառնալով բազմաբնույթ առաջարկներին, նշեց.

«Առաջարկներ ստանալուց ոչ ոքի հետ չեմ խորհրդակցում, որովհետեւ ինձանից լավ խորհրդատու ինձ համար գոյություն չունի: Ինքս եմ որոշում, թե որ առաջարկն ընդունեմ, որը՝ ոչ: Վստահ եմ, որ միշտ ճիշտ որոշումներ եմ կայացնում»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիլի Մորտոյի անձնական արխիվից



© NEWS.am STYLE