Դեֆորմացված փոքր ոտքեր. Հին Չինաստանի սարսափելի սեռական ֆետիշը

17:35   20 մարտի, 2018

Հին Չինաստանում մի սարսափելի ավանդույթ կար, որը դեֆորմացնում էր աղջիկների ոտնաթաթերը՝ տղամարդկանց սեռական երեւակայությանը հագուրդ տալու նպատակով: Հայտնի չէ, թե կանանց ոտնաթաթերը կապելու միջոցով փոքրացնելու ավանդույթը որտեղից է գալիս:

Լեգենդներից մեկի համաձայն՝ Սյաո Բաոցզյուան կայսրը մի ստրկուհի ուներ, որն անչափ փոքր ոտնաթաթեր ուներ: Նա բոկոտն պարում էր ոսկեզօծ սրահում, որտեղ ջրաշուշաններ էին պատկերված: Մի անգամ նրան պարելիս տեսնում է կայսրն ու բացակնաչում՝  «Նրա ոտքերի յուրաքանչյուր հպումից ջրաշուշանները ծաղկում են»: Հավանաբար հենց այստեղից էլ գալիս է «ջրաշուշան ոտք» արտահայտությունը, որը բնորոշում  էր շատ փոքր ոտնաթաթերով կանանց:

Ոտնաթաթերի դեֆորմացումն, ըստ չինացիների, վկայում էր կնոջ՝ թույլ եւ փխրուն լինելու մասին: Նման կինն անչափ գրավիչ եւ սեքսուալ էր տղամարդկանց աչքերում: Իսկ իրականում կինը դառնում էր սեփական մարմնի գերին: Սկսած 5-6 տարեկանից՝   նրանց ոտաթաթերն ամուր կապում էին: Այնքան, մինչեւ մատները սերտաճեին: Իդեալական էր համարվում 7 սմ երկարության ոտքը: Ընդ որում՝ կանանց արգելվում էր կապերը քանդել, լվանալ ոտքերը: Անգամ անկողին մտնելիս չէր կարելի հանել կոշիկները… Շատ ժամանակ կանայք մահանում էին վարակներից:

Փոքր ոտքով կանայք գրավում էին տղամարդկանց, իսկ սովորական երկարության ոտնաթաթերով կանանց ծաղրում էին: Բարեհաջող ամուսնության հնարավորություն վերջինները գրեթե չունեին: Նրանք անգամ հարուստների տանը չէին կարող ծառա աշխատել, քանի որ նույնիսկ աղախինը պետք է կապկպված ոտքերով լիներ: Ասում էին՝ որքան դանդաղ եւ կաշկանդված էր քայլում կինը, այնքան հարուստ կարգավիճակ նա ուներ:

Թեեւ 1902 թվականին կայսրը հրամայեց դադարեցնել աղջիկներին նման կտտանքների ենթարկելը, այնուամենայնիվ, ոտնաթաթերը փոքրացնելու ավանդույթը Չինաստանում վերջնականապես վերացավ միայն 1949  թվականից սկսած:

Աղբյուրը՝ Cosmo.ru

Թարգմանությունը՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE