«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանը ներկայացրել է «Քամի» երգի տեսահոլովակը

21:35   21 մարտի, 2018

Այսօր՝ մարտի 21-ին, «Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքում հրապարակվել է Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանի «Քամի» երգի տեսահոլովակը:

Նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:

«Երբ առաջին անգամ լսեցի երգը հասկացա, որ պետք է տեսահոլովակում ցույց տալ Սևակի հոգեվիճակն ու ապրումները: Տեսահոլովակում որևէ ավելորդ տարր չկա՝ չեմ ցանկացել կադրը ծանրաբեռնել տեսարաններով, քանի որ փորձել եմ չշեղել հանդիսատեսի ուշադրությունը երգից և Սևակից: Հաշվի առնելով այսօրվա միտումները՝ շեշտադրումը դրել եմ լուսային ձևավորման և մոնտաժային հնարքների վրա: Հուսով եմ, տեսահոլովակը կօգնի փոխանցել Սևակի հոգևիճակն ու երգի ասելիքը հայ և եվրոպացի հանդիսատեսին» - ասել է տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը:

«Այս տեսահոլովակը իմ և Հանրային հեռուստաընկերության առաջին համագործակցությունն է և պետք է ասեմ, որ նկարահանումները շատ լավ են ընթացել: Նկարահանման ընթացքում մեծ և պրոֆեսիոնալ թիմ է աշխատել՝ ի դեմս ռեժիսոր Արթուր Մանուկյանի, ով շատ լավ գիտի, թե ինչպես է պետք կադրի միջոցով փոխանցել երգի և երգչի զգացմունքները: Տեսահոլովակում, ինչպես բեմում, շատ անկեղծ եմ: Հուսով եմ հանդիսատեսին դուր կգա մեր կատարած աշխատանքը» - ասել է Սևակ Խանաղյանը:

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2018»-ը տեղի կունենա Լիսաբոնում՝ մայիսի 8-ին, 10-ին եւ 12-ին: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում, որը նախանշված է մայիսի 8-ին:



© NEWS.am STYLE