Երեւանում պատրաստել են աշխարհի ամենաերկար գաթան (ֆոտո/վիդեո)

13:03   21 մարտի, 2018

Երեւանում պատրաստել են աշխարհի ամենաերկար գաթան՝ յուրահատուկ բաղադրատոմսով: «Պանդոկ Երեւանի» Տերյան մասնաճյուղի դիմացի հատվածի ողջ երկայնքով տեղի է ունեցել գաթայի համտես-հյուրասիրությունը, որին ներկա է գտնվել նաեւ NEWS.am STYLE-ը:

Ի դեպ, աշխարհի ամենաերկար գաթան ունի 4000 սմ երկարություն եւ 40 սմ լայնություն: Դրա պատրաստմանը մասնակցել է 3-5 հրուշակագործ, իսկ պատրաստման գործընթացը սկսվել է մեկ շաբաթ առաջ, բայց թխվել է 2 օրում:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Yeremyan Projects կազմակերպության  PR մարկետինգի բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է՝ ներկայացնել հայկական ավանդական գաթան նորովի. «Մեր կազմակերպությունն իր գործունեության ընթացքում միշտ կարեւորել է հայկական մշակութային արժեքների պահպանումը: Այս նախաձեռնությունն էլ այս ամենի շրջանակներում է: Մեր նպատակն է երեւանցիներին եւ մեր հյուրերին, զբոսաշրջիկներին ներկայացնել մեր գաթան, որը մեր մշակութային արժեքներից է: Այն մեր ավանդական ծիսական աղանդերից է, որը ներկայացված է ամենաերկար տարբերակով: Մեզ համար սկզբունքային է վերցնել ավանդականն ու ներկայացնել նորովի»,-հավելեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE