Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Ճապոնիայում

15:02   21 մարտի, 2018

Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Ճապոնիայում։ Շանսոնյեի Facebook-յան էջը հայտնում է, որ 93-ամյա երգիչը երկու համերգ է տալու:

Ազնավուրի առաջին ելույթը կկայանա մայիսի 21-ին՝ Օսակայում, իսկ երկրորդը՝ մայիսի 23-ին, Տոկիոյում։

Ուշագրավ է, որ 93-ամյա Ազնավուրը պատրաստվում է թողարկել իր նոր ալբոմը։ Ֆրանսիական Le Telegramme -ին տված հարցազրույցում արտիստը խոսել է իր գործունեության մասին։

Ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ.

Դուք ֆրանսիական երգարվեստի միակ հսկան եք մնացել։ Ձեզ համար չափից ծանր չէ՞ այդ պատասխանատու բեռը։

Ես վերջին հսկան չեմ։ Բայց, անկասկած, ես ֆրանսիական երգարվեստի առաջին դասականն եմ։ Ես դարձել եմ այդպիսին նաև իմ տեքստերի շնորհիվ, որոնք դասական ֆրանսերենով են շարադրված։ Ես շատ դասականներ եմ կարդացել՝ Ժան դե Լաֆոնտենից մինչև Վիկտոր Հյուգո, Մոլյերից մինչև Սաշա Գիտրի։ Իհարկե, նաև ռուս դասականներ՝ Տոլստոյ, Դոստոևսկի, նրանք հարստացրել են իմ աշխարհը։

Ձեզ ի՞նչն է դուր գալիս ու ի՞նչը դուր չի գալիս մեր դարաշրջանում։

Շատ բաներ կան, որ ինձ դուր չեն գալիս։ Ես, ի դեպ, դրան մի երգ եմ նվիրել, որն իմ նոր ալբոմի մեջ է ընդգրկվելու։ Այդ երգում ես անդրադառնում եմ բռնությանն ու համամարդկային արժեքների կորստին, համատարած նյութապաշտությանը, սոցցանցերի վախկոտությանը, որտեղ մենք, թաքնվելով բոլորից, կարող են կեղտ թափել ամբողջ աշխարհի վրա։ Էլ չասեմ այն մասին, որ հեռուստաեթերում չափից շատացել են գռեհիկ հաղորդումները։

Ասացեք, դուք չե՞ք նախանձում Բոբ Դիլանին, որը Նոբելյան մրցանակ է ստացել։

Ոչ, ես ուրախ եմ նրա համար։ Ինձ Նոբելյան մրցանակ պետք չէ։ Ես արդեն ունեմ այն՝ իմ կինը (Ուլլա Տորսել), նա շվեդուհի է։

 



© NEWS.am STYLE