Ալեքսեյ Պանինը պարտքերի պատճառով լքել է Ռուսաստանը. փորձագետ Վադիմ Մանուկյանի կարծիքը

17:44   21 մարտի, 2018

Սկանդալային ռուս դերասան Ալեքսեյ Պանինը պարտքերի պատճառով լքել է երկիրը: 2017-ի ապրիլից սկսած՝ նրան 211 տուգանք են նշանակել, որի ընդհանուր գումարը գերազանցում է 2 մլն ռուբլին: Դերասանը հայտարարել է, որ չի կարող վճարել գումարը, այդ իսկ պատճառով դատարանը Պանինի գույքի գնահատում է սկսել, որից հետո դրանք կդրվեն աճուրդի: Դատարանն արգելել է դերասանին լքել երկիրը, քանի դեռ նա չի վճարել տուգանքների գումարը՝ 375 հազար ռուբլի:

Սակայն դա չի խանգարել, որպեսզի Ալեքսեյ Պանինը լքի Ռուսաստանն ու զվարճանա Իտալիայում: Նա խոստովանել է, որ դատարանի որոշման մասին նոր է իմացել եւ միակ բանը, որը նրան այս պահին անհանգստացնում է այն է, թե արդյոք նա կկարողանա ՌԴ վերադառնալ. 

«Ես Հռոմում եմ: Ես ձեր գործերից այդտեղ՝ Ռուսաստանում, տեղյակ չեմ: Ինձ պատահաբար չե՞ն արգելել մուտքն այդտեղ: Կարո՞ղ եմ վերադառնալ», -դերասանի խոսքերն է մեջբերում «5 канал»-ը:

«Տհաճությամբ եմ հետեւում նրան, թե ինչ է տեղի ունենում Ալեքսեյ Պանինի հետ: Բանը հասել է նրան, որ նրա ունեցվածքն են պատրաստվում վաճառել: Պարզվում է՝ նա 51 չվճարված տուգանք ունի երթեւեկության կանոնների խախտման համար: Կարծում եմ՝ ժամանակն է մեզ մոտ վատ վարելու համար քրեական պատասխանատվության ենթարկել: Հակառակ դեպքում՝ դա չի վերանա», -իրավիճակը մեկնաբանել է Պետդումայի՝ ԶԼՄ-ների եւ ինֆորմացիոն հասարակության զարգացման խորհրդի փորձագետ Վադիմ Մանուկյանը: 



© NEWS.am STYLE