Չինական ընկերությունը դատարանում կվիճարկի Քանյե Ուեսթի` Yeezy անվանումը գործածելու իրավունքը

12:35   22 մարտի, 2018

Չինական ընկերությունը հայտնել է Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշի անվան հանդեպ իր իրավունքների մասին։ TMZ-ը հայտնում է, որ Քանյե Ուեսթն իր ապրանքանիշի Yeezy անվանումը գրանցել էր դեռ 2013-ին, սակայն, անհայտ պատճառներով, ապրանքանիշի անվանումը միայն կոշիկին էր վերաբերում, իսկ ահա հագուստի իր հավաքածուն այդ նույն անվանումով Քանյեն գրանցել է միայն անցած տարի՝ 2017-ին։

Այս հանգամանքից օգտվել է չինական Fujian Baby Network Technology Co ընկերությունը, որն իր արտադրանքը կոչել է Yeezy Boost, ու համապատասխան փաստաթղթեր ներկայացրել այդ անվան գործածման միանձնյա իրավունքի համար։ Քանյեն նույնպես փաստաթղթեր է ներկայացրել, որպեսզի այդ անունով գրանցի իր հագուստի հավաքածուն, սակայն, ըստ երևույթին, երկու կողմերն այս տարաձայնությունը ստիպված կլինեն դատարանում կարգավորել։

Լուսանկարները՝ REX, Shutterstock, Getty

 



© NEWS.am STYLE