«Ամեն ինչ չէ, որ կախված է ինձանից». Լուարա Հայրապետյանը՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու ցանկության եւ հայրենիքը կարոտելու մասին

12:08   23 մարտի, 2018

«Մանկական Եվրատեսիլ 2009»-ում Հայաստանը ներկայացրած Լուարա Հայրապետյանը տեւական ժամանակ է՝ Միացյալ Նահանգներում է բնակվում: Վերջին շրջանում երգչուհին հանդես չի գալիս երաժշտական նորություններով: NEWS.am STYLE-ը զրուցել է Լուարայի հետ՝ պարզելու, թե երբ է վերջին անգամ եղել Հայաստանում, ինչով է զբաղված այս շրջանում եւ արդյոք այս ընթացքում չի մտածել մասնակցել նաեւ մեծերի «Եվրատեսիլ»-ին:

«Վերջին անգամ Հայաստանում եղել եմ անցած տարվա հուլիսին՝ մայրիկիս ծննդյան առիթով: Միշտ հիշում եմ Հայաստանը: Շատ եմ կարոտում տատիկիս, մեր տունը, Երեւանը եւ Հայաստանի բնությունը: Ընդհանրապես ձգտում եմ հաճախակի լինել Հայաստանում, քանի որ անչափ սիրում ու կարոտում եմ հայրենիքս»:

Ժամանակին Լուարան հայրենիքում հայտնիություն ձեռք բերեց դառնալով՝ 2009 թ-ի «Մանկական Եվրատեսիլի» մեր պատվիրակը, իսկ նրա «Բարսելոնա» երգը դարձավ այդ տարվա մրցույթի հիթերից: Արդյոք 20-ամյա երգչուհին չի՞ մտածում մասնակցել նաեւ մեծերի «Եվրատեսիլ»-ին:

«Ժամանակ առ ժամանակ մտածում եմ այդ մասին, բայց ամեն ինչ չէ, որ կախված է ինձանից :)»,-նշում է նա:

Լուարայի հետ զրուցեցինք նաեւ Հայաստանի այս տարվա ընտրության՝ Սեւակ Խանաղյանի մասին:

«Սեւակին ճանաչել եմ The Voice նախագծից, շատ տաղանդավոր երգիչ է: «Քամի» երգը շատ հուզիչ եւ տպավորիչ է: Նրան ցանկանում եմ հաջող ելույթ եւ հաղթանակ»,-ասում է երգչուհին, որն այս շրջանում առավել զբաղված է ուսմամբ.

«Անկեղծ ասած՝ հիմա շատ ծանրաբեռնված եմ իմ կրթությամբ, աշխատանքով եւ ինքնազարգացմամբ: Սովորում եմ համալսարանում, որը կավարտեմ մյուս տարի: Այնուամենայնիվ, ազատ ժամանակ ստեղծագործում եւ ձայնագրում եմ երգեր, որոնք դեռ չեմ հրապարակել: Նաեւ հաճախում եմ պարի, դաշնամուրի եւ զբաղվում սպորտով»,-եզրափակեց երգչուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Լուարա Հայրապետյանը



© NEWS.am STYLE