Նիհարողի օրագիրը. խոստումս կատարեցի եւ 3 կգ նիհարեցի

20:19   8 մայիսի, 2013

Ողջո՛ւյն:

Վաղուց չեմ գրել, ճի՞շտ է: Մի ամբողջ շաբաթ:

Հիշո՞ւմ եք, խոստացել էի, որ մինչեւ նախորդ շաբաթվա վերջ 3 կգ նիհարելու եմ: Խոստումս կատարել եմ, ընդ որում՝ ինձ առանձնապես սովի չեմ մատնել: Հավանաբար, մարսողական համակարգի աշխատանքի խախտում էր, քանի որ արագ հավաքված կիլոգրամները (դրանց կեսը) իրենք իրենց հօդս ցնդեցին: Երկուշաբթիից կրկին իմ սիրելի դիետան եմ սկսել, եւ առայժմ ամեն ինչ նորմալ է: Օրական 100-200 գր նիհարում եմ:

Վաղը կաթնաթեյով բեռնաթափման օր եմ անելու: Դա ամենեւին էլ դժվար չէր, իսկ թեթեւության զգացողության մասին չեմ էլ խոսում: Հիշեցնեմ բաղադրատոմսը.

Կարելի է օգտագործել ինչպես սեւ, այնպես էլ կանաչ թեյ (կամ դրանց խառնուրդը): Կաթնաթեյ պատրաստելու համար անհրաժեշտ է 1-1.5 լիտր ոչ յուղոտ կաթը եռացնել (օրինակ՝ 1.5-2.5% յուղայնությամբ), հանել գազօջախից, ավելացնել 3 ճաշի գդալ թեյ եւ թրմել (շուրջ 20 րոպե): Կարելի է կաթնաթեյը քաղցրացնել բնական մեղրով (նշված ծավալի համար 1-2 ճաշի գդալը բավարար է): Այն չի կարելի ամուր փակել կամ լցնել թերմոսի մեջ, որպեսզի չթթվի: Կաթնաթեյը պահել սառնարանում:

Կաթնաթեյն օգտագործում են բեռնաթափման օրերին: Անհրաժեշտ է հիշել, որ մեկ օրից ավելի այն չպետք է կատարել. առավելագույն արդյունք կարելի է ստանալ միայն առաջին օրը: Կաթնաթեյը խմում են ավելացված տեսքով (1 բաժին թեյին՝ 1 բաժին եռացրած ջուր): Այս համամասնությունը կարելի է փոխել՝ ավելացնելով ջրի քանակությունը:

Նախորդ անգամ այն օգնեց կշեռքի սլաքը 0.5 կգ հետ տանել: Կփորձեմ նաեւ այս անգամ:

Անի



© NEWS.am STYLE