Մարմինը նախապատրաստում ենք ամռանը. բիկինիի հատվածի մազահեռացում

22:12   8 մայիսի, 2013

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերի համար բիկինիի հատվածի մազահեռացումն ամենամեծ խնդիրներից է: Չէ՞ որ հենց այդ նուրբ հատվածում են գտնվում նյարդային վերջույթների մեծ մասը, ինչի արդյունքում մազահեռացումն ուղեկցվում է ուժեղ ցավագին զգացողություններով: Եվ այսպես, բիկինիի հատվածի մազահեռացման ինչպիսի՞ միջոցներ կան:

Սկսենք էլեկտրական էպիլյատորից: Այն օգնում է անցանկալի մազիկների մասին մոռանալ 20-30 օր: Սակայն դրա կիրառումը ցավոտ է եւ կարող է գրգռվածություն առաջացնել: Չմոռանաք մազահեռացումից հետո խոնավեցնող կրեմ քսել:

Լազերային էպիլյացիան ամենից անցավն է: Այն ստեղծված է հատուկ նրանց համար, ովքեր ցավ չեն կարողանում տանել: Այս էպիլյացիան երկու հիմնական առավելություն ունի. այն գրգռվածություն չի առաջացնում եւ մի քանի գործողությունից հետո կարող եք ընդհանրապես մոռանալ անցանկալի մազիկների մասին: Լազերային էպիլյացիան հնարավորություն է տալիս մազերը հեռացնել արմատից, որպեսզի դրանք այլեւս չաճեն:

Շաքարային էպիլյացիան, թերեւս, ամենահայտնի միջոցն է, որից օգտվում են բազմաթիվ կանայք: Այն գրգռվածություն չի առաջացնում եւ օգնում է մազերից ազատվել երկար ժամանակ: Այնպես որ, եթե ձեռքի տակ էլեկտրական էպիլյատոր չունեք կամ լազերային էպիլյացիայի կողմնակից չեք, ապա տնային պայմաններում մի քանի րոպեի ընթացքում կարող եք ինքներդ շաքարային էպիլյացիայի համար անհրաժեշտ զանգված պատրաստել:

Ձեզ անհրաժեշտ են.

10 ճաշի գդալ շաքարավազ;

1 ճաշի գդալ ջուր;

կես կիտրոնի հյութ:

Անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները խառնել եւ 10-15 րոպե դնել կրակին: Երբ զանգվածը դառնա ոսկե-շագանակագույն, ուրեմն պատրաստ է: Հարկավոր է սպասել, մինչեւ այն մի փոքր սառչի: Քսում ենք բիկինիի հատվածին, մազերի աճման ուղղությամբ: Վերցնում ենք գործվածքի կտոր (միայն բամբակից) եւ դնում զանգվածի վրա: Սպասում ենք, մինչեւ կտորն ամուր կպչի, հետո կտրուկ շարժումով հանում ենք մազերի աճմանը հակառակ ուղղությամբ: Շաքարավազի մնացորդները լվանում ենք գոլ ջրով:



© NEWS.am STYLE