Պոռնոդերասանուհին պատմել է Թրամփի հետ սեքսի ու դրա հետեւանքով ստացած սպառնալիքների մասին

12:05   26 մարտի, 2018

Վերջապես։ Պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը CBS ալիքով «60 րոպե Անդերսոն Կուպերի հետ» հաղորդման ընթացքում պատմել է Դոնալդ Թրամփի հետ սեքսի ու դրանից հետո իր ստացած սպառնալիքների մասին։

Սթորմի Դենիելսը պատմել է, որ եղել է Թրամփի սիրուհին 2006 թվականին։

«Երբ ես հիշատակեցի Մելանիային, որն այն ժամանակ հղի էր, նա ասաց, որ իրենք տարբեր ննջարաններում են քնում, ու որ Մելանիան ինձ չպետք է մտահոգի։ Մենք սեքսով ենք զբաղվել փոխադարձ համաձայնությամբ, նա ինձ չէր գայթակղել, նաև չէր ստիպել, ես զոհ չեմ, դա իմ ընտրությունն էր»,-հայտնել է դերասանուհին։ Նա պատմել է, որ դրանից հետո իրենց միջև ֆիզիկական մտերմություն այլևս չի եղել, սակայն 2011-ին՝ հինգ տարի անց, ինքը սկսել է սպառնալիքներ ստանալ։

Դենիելսը հայտնել է, որ այդ ժամանակ իրեն մոտեցել է մի տղամարդ ու խորհուրդ տվել «հանգիստ թողնել Թրամփին», որից հետո նա դիմել է նրա մանկահասակ դստերն ու ասել, որ «ցավալի կլիներ, եթե քո մայրիկի հետ որևէ բան տեղի ունենար»։

2016-ին՝ ապագա նախագահի նախընտրական քարոզարշավի ամենաթեժ պահին, պոռնոդերասանուհին ստացել է 130 հազար դոլար՝ Թրամփի հետ կապի մասին լռելու համար։ Նախագահի փաստաբան Մայքլ Քոհենը հաստատում է, որ դերասանուհուն վճարել է այդ գումարը, բայց հերքում է այն փաստը, որ Թրամփը Դենիելսի հետ ինտիմ հարաբերություններ է ունեցել։



© NEWS.am STYLE