11-ամյա Մերի Մուսինյանը`«Лучше всех» հաղորդման, Մաքսիմ Գալկինի հետ հանդիպման եւ առաջիկա մենահամերգի մասին

15:46   26 մարտի, 2018

11-ամյա քանոնահարուհի Մերի Մուսինյանը, որը հեռուստադիտողների շրջանում առավել հայտնի դարձավ Մաքսիմ Գալկինի «Лучше всех» հաղորդմանը մասնակցելուց հետո, հայ հանդիսատեսին պատրաստվում է ներկայանալ մենահամերգով: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մերին խոսեց մարտի 29-ին Կոմիտասի անվան կամերային ներաժշտության տանը կայանալիք համերգի, առաջիկա շրջագայությունների եւ Գալկինի հետ հանդիպման մասին:

Պարզվում է` աղջիկը քանոն սկսել է նվագել մայրիկի խորհրդով, որի համար երազանք է եղել տվյալ գործիքին տիրապետելը:

«Սկզբում քանոն չունեի, նվագում էի բարձի վրա, մատների աշխատանք էի կատարում: Հետո երբ քանոն ունեցա, հանդես եկա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Այդ օրվանից սկսած նվագում եմ քանոն ու կշարունակեմ նվագել»,-ասում է Մերին, որը չնայած համերգային շրջագայություններին` հասցնում է լավ սովորել նաեւ դպրոցում.

«Երբ դպրոցից տուն եմ գալիս, սկզբում քանոն եմ նվագում, հետո անցնում եմ դասերիս: Հասցնում եմ համատեղել երկուսն էլ, նաեւ գերազանցիկ եմ»,-հպարտորեն նշեց նա:

Ասուլիսի ընթացքում Մերիի կողքին էր ուսուցչուհին` Ծովինար Հովհաննիսյանը, որի բնորոշմամբ` Մերիի հաջողության գաղտնիքը նրա արտիստիզմը, լուսավոր կերպարն ու աշխատասիրությունն են: Նա նաեւ հիշեց, թե ինչպես էր Մերին համբերատար հաղթահարում «Лучше всех» հաղորդման նկարահանումները, որոնք հիմնականում տեղի էին ունենում ուշ ժամերի: Իսկ քանոնահարուհին սիրով մտաբերեց իր եւ Գալկինի հանդիպումը.

«Գալկինը շատ ջերմ ու անմիջական էր ինձ հետ: Նաեւ շատ ընկերներ ձեռք բերեցի հաղորդման ընթաքում, որոնց հետ խաղում էինք: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի պատիվը բարձր պահեցի այնտեղ»:

Իսկ վերջում Մերին բացահայտեց մենահամերգի ծրագիրը ու նվագեց լրագրողների համար:

«Համերգին նվագելու եմ Ծովինար Հովհաննիսյանի, Խաչատուր Ավետիսյանի, Կոմիտասի, Մհեր Սամվելյանի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից: Իսկ ամենավերջում բեմում կլինի 35 քանոններից բաղկացած անսամբլը»,-ոգեւորված հավելեց նա:

Ի դեպ, Մերին արդեն հասցրել է լինել մոտ տասը երկրում: Առաջիկայում «Հայաստանի նոր անուններ» ծրագրի շրջանակում ելույթներ կունենա նաեւ ԱՄՆ-ում, Մալթայում եւ Ֆրանսիայում: Փոքրիկ քանոնահարուհին համերգներ է տվել աշխարհի բազմաթիվ քաղաքներում՝ Մայամիից մինչեւ Տոկիո, Կրասնոյարսկից մինչեւ Սեուլ: Նվագել է դուդուկահար Ջիվան Գասպարյանի, Ռուսաստանի նախագահական նվագախմբի հետ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE