«Ես իմ թերություններից չեմ վախենում». Լեդի Գագան նշում է ծննդյան 32-ամյակը

16:35   28 մարտի, 2018

Սթեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտան, նույն ինքը` Լեդի Գագան, այսօր նշում է ծննդյան 32-ամյակը: Ամերիկացի երգչուհին իր երաժշտական կարիերան սկսել է ակումբներում երգելով, մինչեւ նրան նկատել է պրոդյուսեր Վինսենթ Հերբերթը, որի օգնությամբ էլ երգչուհին պայմանագիր է կնքել Streamline Records ստուդիայի հետ: Հետագայում Գագայի վոկալային ունակությունները նկատել է ռեփեր Էյքոնը, որն էլ որոշել է արտասովոր երգչուհուն ներգրավել իր ալբոմի աշխատանքներում:

2008-ին Լեդի Գագան թողարկեց իր առաջին ձայնասկավառակը` Tha Fame-ը: Այն ներառում էր հիթային ստեղծագործություններ եւ հեշտությամբ արժանացավ քննադատների հավանությանը: Այդ ձայնասկավառակից հատկապես հայտնի դարձան Poker Face, Love Game, Paparazzi եւ Just Dance երգերը:

Գագան աչքի է ընկնում ոչ միայն իր վոկալային տվյալներով, այլեւ յուրահատուկ ոճով: Իր կերպարը ստեղծելիս երգչուհին ոգեշնչվել է Մայքլ Ջեքսոնից, Մադոննայից, Queen-ից եւ Դեւիդ Բոուիից:

Էպատաժային երգչուհին մի շարք մրցանակների դափնեկիր է: Նա ունի 6 «Գրեմմի», 13 MTV Video Music Awards, 8 MTV Europe Music եւ այլ մրցանակներ:

Այսօր ներկայացնում ենք երգչուհու հայտնի մտքերից մի քանի մեջբերումներ. 

«Երաժշտությունն ամենահզոր զենքն է, որն աշխարհը մեզ տալիս է: Կապ չունի, թե ինչ ազգություն, սեռական պատկանելիություն կամ ռասա ունես. այն ունակ է միավորել բոլորին»:

«Ես թույլ եմ տալիս ձախողումներ, չեմ վախենում բաժանումից: Ես իմ թերություններից չեմ վախենում»:

«Կապ չունի ես շատ դիմահարդարում եմ կրում, թե քիչ. ներսում ես նույն մարդն եմ մնում»: 

«Ես ուղիներ էի փնտրում ինձ բուժելու համար, երբ հասկացա, որ բարությունը լավագույն ճանապարհն է»:

«Կարծում եմ՝ հանդուրժողականությունը, համբերատարությունն ու սերն այն հատկանիշներն են, որոնք պետք են ցանկացած հասարակությանը»:

«Եթե ինձ հարցնեն, թե ինչ եմ ցանկանում անել, պատասխանը մեկն է՝ իմ նպատակն աստղ դառնալը չէր, ես ցանկանում եմ էական փոփոխություններ անել»:

«Ես իմ կյանքն ապրում եմ իրականության եւ ֆանտազիայի մեջտեղում»:

«Կարծում եմ՝ հրաշալի է, երբ մարդը ներքուստ ինքնավստահ է»:

«Չէի ասի, թե ես աշխարհի լավագույն պարողներից եմ, բայց ես բավականին լավ եմ անում այն, ինչ անում եմ»:

«Փորձում եմ չկենտրոնանալ նրա վրա, թե ինչ են մարդիկ ինձանից սպասում»:

Լուսանկարները՝ The Magazine, Popsugar, Vogue, MTV UK



© NEWS.am STYLE