Էնրիկե Իգլեսիասի եղբայրը հանդիպում է ռուս թենիսիստուհու հետ, որը շատ նման է Աննա Կուրնիկովային

17:03   28 մարտի, 2018

Էնրիկե Իգլեսիասի եղբայրը՝ Միգելը, հանդիպում է ռուս թենիսիստուհու հետ, որը շատ նման է Աննա Կուրնիկովային, հայտնում է Hola-ն։ Խոսքը երգչի 20-ամյա խորթ եղբոր մասին է, որը հանդիպում է ԱՄՆ-ում բնակվող 19-ամյա Դանիել Օբոլևիչի հետ։ Աղջիկը զբաղվում է թենիսով ու արտաքուստ շատ նման է Աննա Կուրնիկովային։

Պարբերականը գրում է, որ չնայած Դանիելը զբաղվում է թենիսով ու հաջող ելույթ ունենում ազգային մրցաշարերում, բայցևայնպես մարզական կարիերայի մասին լրջորեն չի մտածում. աղջիկը սովորում է Փենսիլվանիայի համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետում։ Մոտ կանգնած աղբյուրների խոսքով՝ իր սիրեցյալի հետ նա ծանոթացել է Մայամիում։ Այնտեղ նրանք հիմա միասին են անցկացնում գրեթե բոլոր հանգստյան օրերը։ Այնտեղ են ապրում նաև Աննա Կուրնիկովան ու Էնրիկե Իգլեսիասը։

Ականատեսների խոսքով՝ Միգելի ու Դանիելի հարաբերությունները հիմա շատ ներդաշնակ են։ Խուլիո Իգլեսիասի սիրառատ որդին, ինչպես նրան նկարագրում են իսպանական թերթերը, կարծես գտել է իր կյանքի միակ սերը։

 

 



© NEWS.am STYLE