Ի՞նչ չի կարելի արգելել երեխաներին

13:10   30 մարտի, 2018

1. Ինքնուրույն ուտել

Իհարկե, անհամեմատ ավելի հեշտ է երեխային արագ շիլա ուտեցնել գդալով` խնայելով սեփական ժամանակը, ինչպես նաեւ լվացքի փոշին «սպանված» շապիկների եւ կարճ զգեստների համար: Բայց դրանով մենք երեխային զրկում ենք ինքնուրույնության ուղղությամբ առաջին քայլն անելուց. չէ որ առանց պարունակությունը թափելու գդալը բերանին հասցնելը պատասխանատու գործընթաց է եւ առավելագույն ուշադրություն է պահանջում: 

2. Օգնել մայրիկին եւ հայրիկին

«Ձեռք մի տուր, կգցես» կամ «Չի կարելի, կթափես», - գոռում է մայրիկը, իսկ որոշ ժամանակ անց ընկերուհիներին բողոքում է, որ երեխան ընդհանրապես ոչ մի բան չի ուզում անել: Նրան մի զրկեք ձեզ օգնելու հնարավորությունից: Ձեզ օգնելով` նա իրեն չափահաս եւ պետքական է զգում: 

3. Ներկերով նկարել

Երեխայից մի խլեք ինքնարտահայտման հնարավորությունը: Նկարները զարգացնում են  ստեղծագործական կարողությունը, մանր մոտորիկան, երեւակայությունը, հանում են սթրեսը, հանգստացնում են նյարդային համակարգը, բարձրացնում են ինքնագնահատականը եւ այլն: Երեխայի համար ոչ թունավոր ներկեր գնեք, նրան հին շապիկ հագցրեք  (կամ գոգնոց), հատակին (կամ մեծ սեղանին) մոմլաթ փռեք եւ թող երեխան «ուզածին չափ» ինքնարտահայտվի:

4. Տանը հանվել

Երեխաներին հատուկ է վրայից հանել ավելորդ հագուստը, վազել բոբիկ կամ նույնիսկ մերկ: Դա լիովին բնական ցանկություն է: Մի շտապեք գոռալ «անմիջապես հագիր» (եթե իհարկե ձեր հատակը մերկ բետոնից չէ): Սովորական սենյակային ջերմաստիճանի պայմաններում երեխան կարող է լիովին անվնաս 15-20 րոպե անցկացնել մերկ (դա նույնիսկ օգտակար է):

5. Արտահայտել սեփական հույզերը

Այսինքն ցատկել/վազել, ճղճղալ եւ ուրախանալ, բղավել եւ այլն: Մի խոսքով՝ երեխա լինել: Պարզ է, որ պոլիկլինիկայում կամ հյուր գնալիս անհրաժեշտ է պահպանել պատշաճության կանոնները, բայց տանը երեխային թույլ տվեք լինել այն, ինչ կա: Նրա համար դա էներգիան դուրս հանելու, սթրեսից ազատվելու, լիցքաթափվելու միջոց է: Ինչպես ասում են` «մի խանգարեք բայանահարին, նա նվագում է, ինչպես կարող է»:

6. Փողոցում բարձրանալ զուգափայտերի կամ մարզական համալիրների վրա 

Պետք չէ երեխայի թեւքից բռնել եւ «մի բարձրացիր, վտանգավոր է» բղավելով նրան քարշ տալ ավազի հետ խաղալու: Այո, վտանգավոր է: Բայց ծնողները հենց նրա համար են, որ բացատրեն անվտանգության կանոնները, ցույց տան, թե ինչպես են իջնում/բարձրանում, ներքեւից ապահովագրել, որ երեխան չընկնի: Ամենից լավն այն կլինի, որ միանգամից սովորի վերահսկել իր մարմինը (ձեր ներկայությամբ), քան հետո առանց ձեզ (եւ առանց փորձի) բարձրանա զուգափայտի վրա:

7. Ջրի հետ խաղալ

Դե իհարկե, երեխան ջրհեղեղ կսարքի: Կթրջվի գլխից մինչեւ կրունկները: Փոխարենը որքան երջանկություն կլինի աչքերում եւ հուզական ինչ լիցքաթափում կլինի նրա համար: Փոքրիկին մի զրկեք այդ հաճույքից: Նրա համար տարածք առանձնացրեք, որի սահմաններում հնարավոր է ուզածին պես ջուր ցայտեցնել եւ այլն: Տարբեր տարաներ տվեք (ցնցուղներ, կաթսաներ, գդալներ, պլաստիկե բաժակներ):

8. Ոտքով ճողփել ջրափոսերի ջուրը

Ջրափոսերը երջանկության իսկական աղբյուր են: Ընդ որում` բոլոր երեխաների համար, առանց բացառության եւ նույնիսկ որոշ չափահասների:  Փոքրիկի համար վառ երկարաճիտ կոշիկներ գնեք եւ նրան բաց թողեք «ազատ նավարկության»: Դրական հույզերը հոգեկան առողջության երաշխիք են: 

9. Ձեռք տալ ջարդվող իրերի

Ամեն երեխա առանձնանում է մտքի պրպտունությամբ:  Նա կարիք ունի ձեռք տալու, ուսումնասիրելու, համը տեսնելու եւ այլն: Մի շտապեք նրա ձեռքից խլել գավաթը կամ արձանիկը, որ նվիրել են ձեզ:  Ուղղակի բացատրեք, որ այդ իրը ձեզ համար շատ թանկ է եւ դրա հետ անհրաժեշտ է զգույշ վարվել. դա նախատեսված չէ խաղերի համար, բայց պահել եւ ուսումնասիրել կարելի է: 

10. Սեփական կարծիքն ունենալ

Մայրիկն իհարկե ավելի լավ գիտե, թե ինչ շապիկ կսազի այս կարճ տաբատին, թե ինչպես է պետք դասավորել խաղալիքները, ինչ հերթականությամբ ուտել տոնական սեղանի ուտեստները: Բայց ձեր փոքրիկն արդեն լիարժեք անհատ է: Լսեք երեխային: 

Աղբյուրը` Creu

 



© NEWS.am STYLE