Ադելը բրիտանացի դերասանին ու նրա բոյֆրենդին ամուսնացրել է իր տան բակում

11:05   4 ապրիլի, 2018

Մենք, իհարկե, շատ բաներ ենք տեսել այս աշխարհում, բայց ըստ երևույթին՝ դեռ ոչ ամենը :)))

Ադելն իր երկու ընկերներին ամուսնացրել է Լոս Անջելեսում իր տան բակում։ Խոսքը բրիտանացի դերասան, երգիծաբան ու հեռուստահաղորդավար Ալան Կարեի մասին է, որը երգչուհու թեթև ձեռքով ամուսնացել է իր բոյֆրենդ Պոլ Դրեյթոնի հետ։

Հունվարին կայացած պսակադրության մասին պատմել է ինքը` Ալանը, իսկ Ադելն իր Instagram -ում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, որ նա հոգևորականի հանդերձանքով է։

«Ես իմ երկու լավագույն ընկերներին ամուսնացրեցի հունվարին» ,- մակագրել է լուսանկարը հայտնի կատարողը։

Ալանն ինքը պատմում է, որ 29-ամյա Ադելը գիտեր, որ զույգն ուզում է ամուսնանալ. ու առաջարկել էր, որ ինքը զբաղվի արարողության կազմակերպչական հարցերով։

«Ես ճանաչում եմ Ադելին 19 տարեկանից, նա ասաց, որ ուզում է, որ մենք ամբողջ կյանքում հիշենք այդ օրը, դրա համար էլ նա մանրակրկտորեն  ծրագրել էր հանդիսությունը, իսկ որպես դրա անցկացման վայր՝ առաջարկել էր Լոս Անջելեսում իր տան ետնաբակը։ Ընդունելության ժամանակ նա մեզ համար կատարեց այն երգը, որը մենք ընտրել էինք մեր հարսանյաց պարի համար, իսկ հետո նա հյուրերի համար էլ մի քանի երգ կատարեց։ Դա իմ կյանքի լավագույն օրն էր»,- պատմել է Ալանը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX, Shutterstock

 



© NEWS.am STYLE