Տիգրան Ներսիսյանն ու Աննա Ավանեսյանը՝ «Սպասիր ինձ» հաղորդման էմոցիոնալ պահերի եւ նոր եթերաշրջանի մասին

20:03   4 ապրիլի, 2018

«Սպասիր ինձ» հաղորդաշարը տարիներ անց կրկին կհեռաձակվի Հանրային հեռուստատեսության եթերում: Միմյանց կորցրած հարազատներն ու ընկերները հնարավորություն կունենան վերամիավորվելու Առաջին ալիքի տաղավարում, իսկ նրանց էմոցիանալ պահերը տաղավարից եթեր կփոխանցեն Աննա Ավանեսյանն ու Տիգրան Ներսիսյանը:

NEWS.am STYLE-ը հաղորդման նոր եթերաշրջանի մասին զրուցել է հաղորդավարական զույգի հետ, որոնք ներկայացրել են նախորդ եթերաշրջանի ձեռքբերումները եւ խոսել նոր ակնկալիքների մասին:

«Շատ ուրախ եմ, որ «Սպասիր ինձ»-ը նորից կյանքի է կոչվում: Հաղորդումը գնահատելի եւ թանկ է նրանով, որ ամեն ինչ իրական է: Ընդհարապես, մարդկանց համար սա շատ սպասված հաղորդում է, որովհետեւ նրանք գտնում են իրենց հարազատներին, հայրենակիցներին եւ ընկերներին: Նախորդ եթերաշրջանից ունեցել ենք մի շարք ձեռքբերումներ: Նույնիսկ, եթե մեկը կամ երկուսը իրար գտնեն, նշանակում է՝ կարեւոր է, որ հաղորդումն ունենա իր ճանապարհը»,-նշեց Տիգրան Ներսիսյանը, իսկ Աննան հավելեց.

«Նախորդ եթերաշրջանում ունեցել ենք 500-600 հազար հայտ տարբեր երկներից, որտեղից փնտրում էին ազգությամբ հայերի: Նրանցից մոտ 500 հոգին գտնվել են: Այն պահին, երբ հաղորդումը փակվեց, մենք շատ նամակներ էինք ստանում»:

Աննան նաեւ նշում է՝ ուրախ է, որ հաղորդումը վարում է Տիգրան Ներսիսյանի հետ.

«Թե տեխնիկապես, թե հոգեբանական առումով հաղորդումը բարդ է, իսկ Տիգրանը շատ հուսալի գործընկեր է՝ ճիշտ կողմնորոշվող մարդ, ինչը շատ կարեւոր է, քանի որ հաղորդման ընթացքում տարբեր բարդ իրավիճակներ են լինում…»:

Աննայի ուրախությունն այս առումով կիսում է նաեւ Տիգրանը. «Շատ ուրախ եմ, որ հաղորդման ընթացքում կրկին պետք է աշխատեմ Աննայի հետ: Նա շատ լավ գործընկեր է՝ հուսալի, զուսպ: Շատ կարեւոր է, երբ կարողանում ես գործընկերոջդ հետ ճիշտ համագործակցել, հարկ եղած դեպքում ճիշտ իմպրովիզներ անել: Շատ հաճելի է, որ միասին ենք նորից աշխատելու, եւ ես համոզված եմ, որ արդյունավետ գործունեություն ենք ծավալելու»,-հավելեց նա:

Թե Տիգրանը, թե Աննան փաստեցին՝ հաղորդման ընթացքում ամենադժվարը էմոցիաները զսպելն է.

«Իհարկե, դժվար է վերահսկել էմոցիաները, սակայն ինչ-որ պահից սկսած ես հասկացա, որ պետք էլ չէ զսպել հույզերդ, քանի որ երբ ինչ-որ մեկն իր էմոցիոնալ պատմությունն է ներկայացնում, դու չես կարող ստատիկ դեմքով լսել այդ ամենն ու հարցեր տալ: Երբ հերոսի հետ ապրում ես իր պատմությունը, ավելի ճիշտ ես կարողանում խոսել նրա հետ: Կարծում եմ՝ հաղորդման գաղտնիքներից մեկն էլ այն է, որ թե հյուրերը, թե հանդիսատեսն անկեղծորեն արտահայտում են իրենց էմոցիաները, ինչը երեւում է նաեւ եթերից»,-նշեց Աննան, իսկ Տիգրանը հավելեց.

«Հաղորդումը շատ հուզիչ է: Եղել են դեպքեր, երբ ես եւ Աննան հուզվում եւ տպավորվում էինք, երբ տեսնում էինք, որ մարդիկ 30 տարի անց իրենց կորցրած հարազատին էին գտնում: Էմոցիաները զսպելը դժվար է, բայց նաեւ դու պետք է գիտակից լինես, որովհետեւ տաղավարում այնքան հուզիչ պահեր են լինում, երբ մարդիկ գտնում են միմյանց, եւ մենք պետք է ավելի զգոն լինենք: Հաղորդումներից մեկի նկարահանումների ժամանակ տաղավարում նույինսկ ուշաթափության դեպք է եղել, երբ հյուրերից մեկը գտնելով իր հարազատին՝ այնպես էր ազդվել, որ կորցրել էր գիտակցությունը: Այսինքն՝ պետք է ամբողջովին կարողանանք տիրապետել իրավիճակին, որպեսզի կարողանանք մեղմել եւ հանգտացնել մարդկանց»:

Ի դեպ, «Սպասիր ինձ» հաղորդումը եթերում կլինի արդեն վաղվանից եւ կհեռարձակվի յուրաքանչյուր հինգշաբթի՝ 19:55-ին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE