Ալեքսիս Օհանյանը՝ Հայաստանում իր աշխատանքի եւ Սերենա Ուիլյամսի մասին

17:03   4 ապրիլի, 2018

Ալեքսիս Օհանյանը հարցազրույց է տվել NY Times-ին, որի ընթացքում խոսել է Հայաստանում իր աշխատանքի եւ կնոջ՝ Սերենա Ուիլյամսի մասին: Երիտասարդը 2012-ից հանդիսանում է Initialized Capital համասեփականատեր, որը ներդրումներ է անում ՏՏ ոլորտում:

«Ես 8-րդ կամ 9-րդ դասարանում էի, երբ համոզեցի ծնողներիս ինձ համար համակարգիչ գնել: Ես ասում էին, որ դա ինձ կօգնի իմ կարիերայում, իսկ իրականում ես ուզում էի համակարգչային խաղեր խաղալ: Սակայն հետո ես սկսեցի կայքեր ծրագրավորել անվճար: Ես վեբ դեվելոփեր էի ցանկանում դառնալ եւ հենց այդպես էլ ներկայանում էի, իսկ հաճախորդները չէին էլ կասկածում, որ ես հասարակ չարաճճի էի հայրական տանը», - պատմել է Ալեքսիսը:

«Ես ժամանակին եւ խոհարար եմ աշխատել, եւ աման լվացող հայտնի պիցցերիաներից մեկում, երբ դեռ ուսանող էի: Ապա դարձա մատուցող, սակայն ուզում էի փաստաբան դառնալ, որը մասնագիտացված կլիներ ներգաղթյալների հարցերով: Գաղափարը՝ օգնել մարդկանց քաղաքացիություն ստանալ, ռոմանտիկ էր թվում ինձ:  Հետո ես հասկացա, թե որքան եմ ատում այն, ինչով զբաղվում եմ: Որոշեցի վաֆլի ուտել եւ հենց ուտելու ընթացքում էլ հասկացա, որ ինչ-որ նոր բան պետք է սկսեմ», - ընդգծել է նա:

Հարցին, թե ինչու էր նա որոշել ամեն ինչ թողնել եւ տեղափոխվել Հայաստան, Ալեքսիսը պատասխանել է.

«Ես կարիք ունեի որոշ ժամանակով տեխնոլոգիաներից կտրվելու: Ես մի քանի ամիս անցկացրեցի իմ հայրենիքում, կամավոր էի Kiva-ի (ամերիկյան ոչ կոմերցիոն կազմակերպություն) համար: Ես ազատ էի, իմ հայրենիքում, ուսումնասիրում էի իմ արմատները, հանդիպում բիզնեսմենների հետ, որոնք գինի եւ գործվածք էին արտադրում»:

Ալեքսիսին հարցրել են նաեւ, թե ինչ է սովորել իր կնոջից՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսից, ինչին նա պատասխանել է.

«Ես կարծում էի, որ ես աշխարհի ամենաաշխատասեր մարդն եմ: Կարծում էի, որ մեր ոլորտն ամենաբարդն է: Թենիս չէի սիրում: Երբ հանդիպում էի Սերենայի հետ, սկսեցի դիտել խաղերը եւ հասկացա, թե որքան էի սխալվում: Սերենան ինձ սովորեցրել է, թե ինչպես պրոֆեսիոնալ կերպով հաղթահարել դժվարությունները», - նշել է Օհանյանը:

Ի դեպ, հարցազրույցի ընթացքում հայ գործարարը նշել է, որ հանդիսանում է Metallica խմբի երկրպագուն:



© NEWS.am STYLE