Ինչպես բելգիահայ երգչուհի KeyOh-ը որոշեց ներկայացնել Havana հիթային երգը՝ նվիրելով այն Երեւանին

12:05   6 ապրիլի, 2018

Բելգիահայ երգչուհի KeyOh-ը վերջերս ներկայացրեց կուբացի հայտնի երգչուհի Կամիլա Կաբելոյի հիթային դարձած Havana երգի cover տարբերակը, սակայն Կուբայի մայրաքաղաքի փոխարեն հայ երգչուհին երգում վանկարկում է Երեւանի անունը: NEWS.am STYLE-ը զրուցել է KeyOh-ի հետ իր նոր cover-ի, երգի ընտրության եւ կատարման հիմնական մեսիջի մասին.

«Havana-ն շատ սիրված միջազգային հիթ է՝ անձամբ ինձ համար էլ շատ սիրելի երգ, բայց այն երգելիս ինձ համար խորթ էր նշելը «half of my heart is in Havana» (սրտիս մի մասնիկը Հավանայում է) արտահայտությունը, քանի որ ես ոչ Հավանայից եմ, ոչ էլ երբեւէ եղել եմ այնտեղ: Մի օր էլ ավտոմեքենայում երգեցի նույն երգը «Yerevan oh nana» բառերով… Դա այնքան բնական ու սրտիս մոտ հնչեց, որ միանգամից որոշեցի երգել նույն երգը Երեւանի մասին»,-նշեց KeyOh-ը, որը թեեւ տեղյակ չէ՝ Կամիլան լսե՞լ է երգի իր տարբերակը, թե՞ ոչ, բայց հոգու խորքում հույս ունի, որ երգչուհուն այն դուր կգա.

«Այնպես կցանկանայի, որ նա լսած լիներ իր երգի cover-ն իմ տարբերակով, բայց ես այն բոլորովին վերջերս եմ տեղադրել YouTube-ում, այնպես որ՝ չեմ կարծում, թե լսած լինի: Ամեն դեպքում, կարծում եմ՝ նա ուրախ կլինի, որ իր երգն այդքան լայն արձագանքներ ունի: Առհասարակ, ես նրան հավանում եմ՝ որպես արտիստ, եւ ես շատ եմ սիրում երգի օրիգինալ տարբերակը»:

Ի դեպ, պատահական չէ, որ բելգիահայ երգչուհին ներկայացրել է ամենահիթային երգի cover-ը՝ նվիրված Երեւանին.

«Երբ ձայնագրում էի այս երգը, մտածեցի՝ միգուցե սա նաեւ լավ PR կլինի իմ երկրի համար, կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը: Ես միշտ կանեմ իմ ուժերի սահմանում ամեն ինչ իմ երկրի անունն անընդհատ շրջանառելու համար: Ես ինքս էլ ամեն ամառ աշխատում եմ գալ Հայաստան: Իհարկե, երբեմն աշխատանքի բերումով այդ ծրագրերս ձախողվում են, բայց այս տարի ամեն ինչ կանեմ, որպեսզի կարողանամ ամուսնուս՝ Ջեյսոնի հետ այցելել Հայաստան»:

Երեւանի մասին երգող երգչուհուց հետաքրքրվեցինք՝ որոնք են մեր մայրաքաղաքի իր սիրելի վայրերն ու ինչն է հատկապես կարոտում, երբ հեռու է Երեւանից.

«Դե, իհարկե, ինձ համար ամենից սիրելի վայրն այնտեղ է, որտեղ ես ծնվել եմ: Խոսքը Չարբախի մասին է: Կարոտում եմ այն օրերը, երբ բակում խաղում էինք ընկերներիս հետ: Շատ եմ կարոտում նրանց, քանի որ նրանք իմ կյանքի, իմ պատմության մի մասն են: Հայաստան միշտ սիրով եմ այցելում, որպեսզի տեսնեմ ընտանիքիս անդամներին, ընկերներիս, բացի այդ՝ հաճելի է, երբ գոնե մի քանի օրով քեզ քո տանն ես զգում: Մեծ խաղաղություն եմ զգում, երբ այստեղ եմ լինում»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ KeyOh-ի անձնական արխիվից



© NEWS.am STYLE