«Ծնողներս դեմ էին, սակայն երեք տարի զբաղվեցի բռնցքամարտով». «Միսս Արմենիա» Լիլի Սարգսյանը՝ NEWS.am STYLE-ի տոնական ֆոտոշարքում

12:08   7 ապրիլի, 2018

17-ամյա Լիլի Սարգսյանի կյանքը կտրուկ փոխվեց նախորդ տարվա աշնանը, երբ «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթում նա նվաճեց բաղձալի թագն ու դարձավ տիտղոսակիր գեղեցկուհի: Շնորհավորանքներին զուգահեռ՝ աղջիկը բախվեց նաեւ չարախոսությունների եւ քննադատությունների, որոնք հատկապես քննարկվում էին մամուլի կողմից: Սակայն ինքը՝ Լիլին, խոստովանում է՝ չի ընկճվում ոչ մի խոսակցությունից, ժպտում է ու անցնում առաջ :)

NEWS.am STYLE-ը Մայրության եւ Գեղեցկության օրվան նվիրված ֆոտոշարք է իրականացրել տիտղոսակիր գեղեցկուհու հետ: Լիլիի նոր լուսանկարներն ու ծավալուն հարցազրույցն առաջարկում ենք ձեր ուշադրությանը:

Լիլի, մի քանի ամիս առաջ դարձար «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր: Գեղեցկության թագը նվաճելուց հետո ինչ-որ փոփոխություններ զգացե՞լ ես քո կյանքում, շրջապատի կողմից

Իհարկե, կստեմ, եթե ասեմ, թե ոչինչ չի փոխվել… Ինձ միշտ էլ սիրել են եւ ընդունել, բայց տիտղոսից հետո ուշադրությունն ավելի է մեծացել:

Քո հաղթանակն, իհարկե, ընդունվեց ոչ միայն շնորհավորանքներով, այլեւ քննադատություններով: Հատկապես «Լավ երեկո» հաղորդման ժամանակ քո հարցազրույցից հետո այդ քննարկումներն ավելացան: Սպասո՞ւմ էիր հաղթանակիդ նաեւ այս կողմին եւ, առհասարակ, ինչպե՞ս ես վերաբերվում քո անձի շուրջ ծավալվող բացասական քննարկումներին:

Քննադատություններին այդքան էլ վատ չեմ վերաբերվում: Մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը եւ դրա մեջ ես ոչ մի վատ եւ անընդունելի բան չեմ տեսնում:

Հաճախ հայտնի մարդկանց ընտանիքի անդամներն ավելի ծանր են տանում նրանց անձի շուրջ խոսակցությունները, քան հենց իրենք՝ հայտնիները: Ծնողներդ ինչպե՞ս են նայում այդ քննադատություններին եւ ի՞նչ խորհուրդներ են տալիս նման իրավիճակներում:

Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ այո, այդպես է՝ ծնողներս ավելի ծանր են տանում այդ խոսակցությունները, եւ կարելի է ասել՝ ես եմ նրանց խորհուրդ տալիս, որ չընկճվեն: Բնական է՝ կլինեն թե լավ, թե վատ խոսակցություններ:

Լիլի, մինչ գեղեցկության մրցույթին մասնակցելը նորաձեւության ասպարեզում գործունեություն ծավալո՞ւմ էիր:

Այո, գործունեություն ծավալել եմ: Մասնակցել եմ տարբեր ցուցադրություների, լուսանկարվել տարբեր ապրանքանիշերի համար, օրինակ՝ «Մավի», Gafri Gold եւ այլն:

Ո՞ր տարիքից սկսած ես հասկացել, որ պետք է զբաղվես մոդելինգով:

Մոդելինգով սկսել եմ զբաղվել 16 տարեկանից, երբ առաջին անգամ ընդունվեցի մոդելային դպրոց եւ հասկացա, որ դա ինձ դուր է գալիս: Սիրում եմ լինել նկարահանման վայրում, ունենալ տարբեր կերպարներ, փնտրել հետաքրքիր զգացողություններ… Հասկացա, որ դա է իմ ճանապարհը:

Մի՞շտ ես արտաքինիդ հետ կապված հաճոյախոսությունների արժանացել:

Բնական է` բոլոր աղջիկներն էլ լսում են հաճոյախոսություններ, ինչն ավելի է ոգեշնչում հետագա քայլերի համար, եւ ես կարողացա օգտագործել այդ ամենն ի օգուտ ինձ:

Գեղեցկուհու տիտղոս կրելն ինչ-որ պարտավորություններ դնո՞ւմ է քո առջեւ: Օրինակ՝ առանց շպարի կամ ոչ այնքան խնամված տեսքով կարողանո՞ւմ ես փողոց դուրս գալ:

Երբեւէ անխնամ տեսքով տանից դուրս չեմ եկել, իսկ շպարվելու մասին կարող եմ ասել՝ քիչ դիմահարդարումն ավելի գեղեցիկ է եւ կարճ ժամանակ է խլում :)

Փողոցում քայլելը հե՞շտ է, թե՞ ռեպլիկները քեզ եւս չեն շրջանցում:

Փողոցում զբոսնելիս լսում եմ բազմաթիվ խոսակցություներ՝ թե լավ, թե վատ, ի դեպ՝ թե աղջիկների, թե տղաների կողմից: Իհարկե, ուշադրություն չեմ դարձնում այդ ռեպլիկներին, ժամանակ առ ժամանակ ժպտում ու անցնում եմ:

Լիլի, ովքե՞ր են ըստ քեզ աշխարհին հայտնի ամենագեղեցիկ կանայք:

Ինձ համար ամենագեղեցիկը միշտ եղել է Մերլին Մոնրոն, կառանձնացնեմ նաեւ Վիվիեն Լիին, Օռնելա Մուտիին. իրենց կանացիության եւ վառ կերպարներով նրանք ինձ համար միշտ եղել են առաջին տեղում:

Ասում են՝ գեղեցկուհիների միջեւ ընկերություն չի լինում: Հետաքրքիր է՝ ի՞նչ հարաբերությունների մեջ էիր մրցույթի մյուս մասնակիցների հետ մրցութային օրերին, եւ արդյոք հիմա շարունակո՞ւմ եք շփվել:

Իրականում մենք բոլորս էլ հասկանում էինք, որ սա մրցույթ է եւ այս ամենից հետո կյանքը շարունակվում է, այդ իսկ պատճառով հիմա էլ շփվում ենք եւ շատ լավ ընկերներ ենք:

Սովորաբար գեղեցկուհիները հաղթանակից հետո հասարակական գործունեություն են ծավալում՝ բարեգործություն, հանդիպումներԴու նման ծրագրեր իրականացնո՞ւմ ես:

Իհարկե, առիթ լինի, թե ոչ, այցելում եմ տարբեր վայրեր… Վերջերս այցելեցի Նորքի Տուն ինտերնատ, օրս նվիրեցի մեծահասակներին եւ շատ հաճելի ու գեղեցիկ պահեր ունեցա: Հանդիպում ունեցա նաեւ քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների հետ, վերջերս էլ «Օրրանի» կարիքավոր երեխաներին տրամադրեցինք անվճար մարզումներ: Նպատակը մեկն է՝ օգնել նրանց սպորտի բնագավառում, նրանք են մեր ապագան:

Ի դեպ, սպորտի մասին… Գիտեմ, որ երկար ժամանակ զբաղվել ես բռնցքամարտով: Ինչպե՞ս քո պես նուրբ աղջիկը որոշեց ընտրել այդ մարզաձեւը: Ծնողներդ ինչպե՞ս նայեցին դրան:

Ինձ միշտ հետաքրքրել է սպորտը, յուրահատուկ մոտեցում ունեմ… Սկզբնական շրջանում ծնողներս դեմ էին, սակայն երեք տարի զբաղվեցի այդ սպորտաձեւով, ասեմ ավելին՝ առհասարակ սպորտի մեծ սիրահար եմ եւ համակրում եմ առողջ ապրելակերպը սիրող մարդկանց:

Դու առաջին հայ գեղեցկուհին էիր, որը հնարավորություն ստացավ մասնակցելու «Միսս աշխարհ» մրցույթին: Կպատմե՞ս՝ ինչպիսի օրեր ես անցկացրել մրցույթի ժամանակ: Ի՞նչ դժվարություններ են եղել:

Այնտեղ ամեն մի օրը յուրահատուկ էր անցնում, ամեն օր տարբեր բաներ էինք բացահայտում թե չինական մշակույթի, թե մեկս մյուսի մասին: Կարոտով եմ հիշում այնտեղ անցկացրած ամեն մի վայրկյանը: Անհաղթահարելի դժվարություններ չեն եղել. եղել է միայն հեքիաթային մեկ ամիս, որը բառերով փոխանցել հնարավոր չէ, այդ ամենը պետք է զգալ:

Էլ ո՞ր հայտնի մրցույթին ես երազում մասնակցել:

Երազել… Մի փոքր կձեւափոխեի այդ բառը՝ նպատակ: Նպատակ ունեմ մասնակցել տարբեր մրցույթների, նաեւ՝ «Միսս Տիեզերք»-ին, սակայն դա կիրագործեմ մի քանի տարի անց:

Քանի որ այսօր Ապրիլի 7-ն է, ի՞նչ կմաղթես մայրերին եւ գեղեցկուհիներին :)

Մաղթում եմ անսահման սեր եւ կանացի երջանկություն: Միշտ եղեք գեղեցիկ, սիրված՝ թե որպես կին, թե որպես քույր եւ ամենակարեւորը՝ որպես մայր:

Հարցազրույցը՝ Սյունե Առաքելյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Դիմահարդար՝ Սոնա Մուրադյան

Հագուստը՝ Teress/Թերեզա Ղարաբաղցյան

Նկարահանումն իրականացվել է AM ֆոտոստուդիայում



© NEWS.am STYLE