«Գեղեցկությունը պետք է կնոջ աչքերի մեջ լինի, իսկ երբ նա ընկճված է, չի տեսնում դիմացինի գեղեցկությունը»․ Գոհար Հարությունյան

14:21   7 ապրիլի, 2018

«Գեղեցկությունն արտաքինի ու ներդաշնակության մեջ է»,-այս համոզմանն են այսօր՝ ապրիլի 7-ին՝ Մայրության եւ Գեղեցկության օրվան նվիրված ասուլիսի բանախոսները՝ «Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը, հոգեբան Կարինե Նալչաջյանը, դաշնակահարուհի եւ դիզայներ Անուշ Սաֆարյանն ու իրավապաշտպան Հայկազ Մակարյանը։

Մասնագետները լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին գեղեցիկի բովանդկության ու ընկալման, չափանիշների, իրավական ու հոգեբանական պաշտպանվածության մասին։

«Միշտ աշխատել, ձգտել կանացիության, լինել կարեկցող եւ խնամված»,-այս հատկանիշներով է ըստ Գոհարի դրսեւորվում գեղեցկությունը։ Գեղեցկուհին խոսեց նաեւ գեղեցկության մրցույթների եւ մասնակցության չափանիշների մասին․

«Չափանիշների մեջ մտնում է նաեւ այն, թե որքանով է տվյալ գեղեցկուհին փորձում դրական փոփոխություններ կատարել իր երկրի ներսում։ Շատ կցանկանայի, որ միշտ ձգտեինք մեր ներկայացուցչի օգնությամբ ներկայացնել մեր երկիրը»։

Գոհարը նաեւ հավելեց՝ մրցույթներն անցկացվում են արդար։ Մասնակցում են այն աղջիկները, որոնք հայտ են ներկայացնում, եւ հենց նրանցից է ընտրվում երկրի գեղեցկուհին։

Ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի՝ գեղեցկությունը լայն հասկացություն է։  

«Հմայքն ու խարիզման բխում են կնոջ ներաշխարհից։ Մի բան եմ ուզում շեշտել՝ երբ կինն արտաքին տվյալներով գեղեցիկ է, եւ նրան դրա մասին անընդհատ ասում են, նա արդեն գիտի, որ գեղեցիկ է եւ նրա անձնային ինքնահաստատումը տեղի է ունենում հենց այդ գիտակցության վրա։ Բայց ժամանակի ընթացքում նրա արտաքինում այսպես, թե այնպես փոփոխություններ են տեղի ունենում, ծերությունը միեւնույն է՝ վրա է հասնում։ Այսպիսի կանայք հայտնվում են շատ ծանր հոգեվիճակում՝ կնճիռներ, փոփոխություններ․․․ Որքան էլ միջամտությունների դիմես, միեւնույն է՝ տարիքն իրենն ասում է։ Կինը հայտնվում է ներքին հոգեկան ճգնաժամի մեջ։ Այս իմաստով ես ցանկանում եմ նշել, որ կինը չպետք է կենտրոնանա միայն արտաքին գեղեցկության վրա, նրա կյանքում պետք է լինի նաեւ ինքնահաստատման այլ սյուն»,-նշեց նա։

Դաշնակահարուհի եւ դիզայներ Անուշ Սաֆարյանն էլ ընդգծեց՝ պետք չէ շեշտը դնել միայն կնոջ արտաքին գրավչության վրա, տղամարդիկ եւս պետք է լինեն խնամված։ Նա նաեւ ցավով նկատեց․

«Մեզ մոտ կա խնդիր ինչ-որ մեկին նմանվելու։ Դա ճիշտ չէ, դա է բերում ոչ գեղեցիկին»։

«Ցավոք սրտի՝ այսօր Հայաստանի հանրապետության մոտ 10 մարզերում, հատկապես Տավուշում, Շիրակում, Սյունիքում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում, կանանց պաշտպանության խնդիրը հույժ վտանգավոր եւ խոցելի վիճակում է։ Հայաստանի Հանրապետությունը կանանց դեմ բռնությունների եւ տարբեր տեսակի խտրականությունների ՄԱԿ-ի կոնվենցիայի տակ ստորագրել է 1993 թ-ին, բայց մենք Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի տակ ստորագրել ենք 2011 թ-ին։ Ինչպե՞ս է դրսեւորվում բռնությունը։ Մարզերում, օրինակ, ամուսինները կամ ազգականները կանանց ստիպել են կատարել այնպիսի գործեր, որոնք կինը չի ցանկացել անել զուտ գործի ծանրության պատճառով, օրինակ՝ անասնապահական, այգեգործական ծանր աշխատանքներ»,-տեղեկացնում է իրավապաշտպան Հայկազ Մակարյանը՝ դատապարտելով կանանց դեմ կիրառված ցանկաղած բնույթի բռնություն։

«Կինը պետք է աշխատի աշխատանքից հաճույք ստանալու համար, ոչ թե հակառակը»,-հավելում է նա։

Գոհար Հարությունյանն էլ բռնության թեման շարունակելով՝ նշեց․ «Մեծ ցանկություն ունեմ, որ մեր կանայք կարողանան իրականացնել իրենց երազանքները եւ ոչ ոք չբռնանա դրանց։ Ես տենչում եմ, որ մեր կանայք դնեն իրենց առջեւ երազանքներ եւ կարողնան հասնել դրանց։ Գեղեցկությունը պետք է կնոջ աչքերի մեջ լինի, իսկ երբ նա ընկճված է, չի տեսնում դիմացինի գեղեցկությունը»։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE