Ճանապարհորդի գրառումները. Ստոքհոլմ (մաս II)

20:18   11 մայիսի, 2013

Ի ուրախություն ճանապարհորդների, Ստոքհոլմում զբոսանքի վայրերը բազմաթիվ են: Ես չսխալվեցի՝ հոգնակի թիվ գործածելով:

Թագավորական պալատը, Գամլա Սթան

Թագավորական պալատը, որի կողքով Ստոքհոլմի ոչ մի հյուր անտարբեր չի անցնի, տեղակայված է քաղաքի կենտրոնում, հենց Գամլա Սթանում: Այս հսկայական շքեղ շինությունը ներկայացնում է XVII դարի Շվեդիան եւ այցելուների համար բաց է գրեթե ամեն օր, բացառությամբ այն դեպքերի, երբ Շվեդիայի թագավորը պաշտոնական պատվիրակություն է ընդունում: Թագավորական անվտանգության ծառայության պնդմամբ, որը կարծում է, թե թագավորական ընտանիքի անդամների համար քաղաքի կենտրոնում ապրելն անվտանգ չէ, այս պալատը դարձել է բացառապես աշխատանքային, այլ ոչ թե բնակելի նստավայր:

Պալատի կողքին կտեսնեք Ստոքհոլմի ամենահին հրապարակը, որը հարյուրամյակների ընթացքում եղել է հասարակական կյանքի կենտրոնը, ինչպես նաեւ, եթե ձեր բախտը բերի, ականատես կլինեք հրաշալի տեսարանի՝ ժամապահների հերթափոխության: Հուշեմ. դա տեղի է ունենում ամեն օր, ժամը 14:00-ին:

Թագավորական պալատի այցելության տոմսը (շուրջ 200 կրոն) ներառում է մի քանի կետ (թանգարանային համալիրներ, որոնք բաց են այցելության համար) եւ գործում է մեկ ամիս: Եթե չեք հասցրել այցելել թանգարանի սրահներից որեւէ մեկը, կարող եք այդ անել մեկ այլ օր, նույն տոմսով:

Թագավորական պալատը, Դրոտնինգհոլմ

Պալատը, որում ներկայում ապրում է թագավորական ընտանիքը, գտնվում է Ստոքհոլմի մոտակա արվարձանում, Դրոտնինգհոլմ կղզում:

Պալատի կեսն այցելուների համար փակ է, քանի որ զբոսաշրջիկներին անձնական սենյակներ թողնելը շատ է նույնիսկ այնպիսի ժողովրդավարական թագավորական անհատների համար, ինչպիսիք շվեդական կառավարիչներն են: Ժողովրդավարությունը նկատելի է ամեն ինչում: Ինձ շատ զարմացրեց խիստ պահապանների բացակայությունը, իսկ թագավորական տիրույթները ցանկապատված են միայն դեկորատիվ շղթաներով, որոնց վրա փակցված ցուցատախտակներին գրված է. «Խնդրում ենք, ցանկապատից ներս չմտնել»: Ազատորեն կարող եք դիտել պալատի երկրորդ կեսը (վճարելով շուրջ 60 կրոն): Եթե ժամանակ ունենաք մի երեկո այցելել Պալատական թատրոն, որը տեղակայված է պալատից ոչ հեռու, անպայման օգտվեք այդ հնարավորությունից: Այս թատրոնում խաղում են՝ ինչպես տասնամյակներ առաջ. այստեղ նույնիսկ էլեկտրական լուսավորություն չկա, այդ պատճառով էլ այն յուրօրինակ ժամանակի մեքենա է:

Մինչեւ Դրոտնինգհոլմ կարելի է հասնել ինչպես ցամաքով (ավտոբուսով կամ ավտոմեքենայով), այնպես էլ Մելարենի ջրերի վրայով՝ մոտորանավակով, որոնք ուղեւորվում են ստոքհոլմյան քաղաքապետարանից ոչ հեռու գտնվող նավամատույցից:

Քաղաքապետարանը եւ քաղաքի տեսարանները

Մուգ աղյուսից շքեղ եւ անսովոր շինությունը՝ Ստոքհոլմի գլխավոր զարդը, Քաղաքապետարանն է, որ վեր է հառնում հենց Մելարեն լճի ջրերից, Կունգսհոլմեն կղզում: Չնայած տեսքին, քաղաքապետարանը ժամանակակից ճարտարապետության օրինակ է: Այն կառուցվել է բոլորովին վերջերս, XX դարում:

Ճարտարապետը փորձել է շենքին հաղորդել տարբեր տարիների շվեդական ճարտարապետությանը բնորոշ գծեր: Բայց չի դիմացել եւ ավելացրել է մի քիչ իտալական թեթեւություն եւ միացնող կամարներ, որոնք շենքին անկրկնելի հմայք են տալիս: Դրանց տակով մարդիկ անցնում են՝ քաղաքապետարանի ներքին բակից անմիջապես լճափ դուրս գալու համար:

Ի դեպ, հենց այստեղ են գոյանում Քաղաքապետարան մտնել ցանկացողների հերթերը: Եթե ձեզ մոտ կասկածներ առաջանան, «Իսկ արժե՞, արդյոք, սպասել», մի կողմ նետեք դրանք: Տեսարանը շատ բան արժե: Դրա աշտարակի գագաթից, որի բարձրությունը 106 մետր է, բացվում է Ստոքհոլմի կենտրոնական մասի ամենից հիասքանչ եւ ամբողջական տեսարանը:

Քաղաքապետարանի Երկնագույն սրահում անցկացվում են Նոբելյան մրցանակակիրների պատվին կազմակերպվող ամենամյա խնջույքները, բայց այստեղ այցելել արժե ոչ միայն այդ օրերին: Ես մտածում էի, իսկ նամակ չգրե՞մ Նորին Մեծություն շվեդական թագավորին, ով այդ խնջույքների անհատական հրավերներն է ուղարկում, այնքան էր ինձ դուր եկել քաղաքապետարանը:

Քաղաքապետարան, եւ ընդհանրապես բոլոր տեսարժան վայրեր հասնելու համար ամենից հարմարը մետրոն է, մինչեւ «Т-ցենտրալեն» կայարան: Այստեղ աշխարհի շատ երկրներում սովորական «M» տառը չեք տեսնի: Մետրոն շվեդերեն կոչվում է «Տունել-բանա», այդ պատճառով մետրոյի խորհրդանիշն այստեղ սպիտակ շրջանակով մուգ կապույտ «Т» տառն է:

Ստոքհոլմը հայացքով ընդգրկել կարելի է նաեւ քաղաքի այլ կետերից: Առավել մեծ բարձրությունից կարող եք քաղաքը դիտել՝ բարձրանալով Կակնես հեռուստաաշտարակի դիտահրապարակ, բայց աշտարակը գտնվում է կենտրոնական հատվածից հեռու, եւ այնտեղից կարող եք մանրամասն ուսումնասիրել միայն Ստոքհոլմի հյուսիսային արվարձանները: Անկեղծ ասած, հեռուստաաշտարակ գնալ արժե, եթե շատ ժամանակ ունեք եւ չգիտեք ինչով զբաղվել: Կակնես կարող եք գնալ՝ հասնելով մինչեւ մետրոյի «Յարդետ» կայարան, իսկ հետո շուրջ 40 րոպե ոտքով քայլել, կամ էլ ավտոբուսով, քաղաքի կենտրոնից:

Եվս մեկ հրաշալի դիտահրապարակ կա մետրոյի «Սլյուսեն» կայարանից ոչ հեռու: Այստեղ կարելի է բարձրանալ հատուկ վերելակով, որը կոչվում է «Կատարինա Հիսսեն»:

Վճարելով 30 կրոն՝ կարող եք բարձրանալ այնքան, որտեղից հին եւ նոր Ստոքհոլմը կտեսնեք ինչպես ափի մեջ: Ամեն դեպքում, այն նույնպես խամրում է Քաղաքապետարանի աշտարակի տեսարանի համեմատ, այդ պատճառով եթե շատ ժամանակ չունեք, վերջինն ամենից հարմարն է:

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE