Ճանապարհորդի գրառումները. Ստոքհոլմ (մաս III)

21:08   12 մայիսի, 2013

Ստոքհոլմի կղզիների մեջ կա մեկը, որն իրավամբ կարելի է թանգարանային կոչել: Դա Յուրգորդեն կղզին է, որ փոքր-ինչ հեռու է Գամլա Սթանից եւ մետրոյի կայարաններից:

Մետրոյի կենտրոնական կայարաններից («Т-ցենտրալեն», «Կունգստրեգոտան») կարելի է այստեղ հասնել Ստոքհոլմի միակ տրամվայի երթուղով կամ ավտոբուսով: Իսկ լավ եղանակին նույնիսկ ոտքով, բայց հինավուրց տրամվայներն արժանի են ուշադրության: Յուրգորդեն հասնելու եւս մեկ միջոց է շոգենավը, բայց ամեն ինչի մասին՝ հերթականությամբ:

Խորտակված Վազա նավի թանգարանը

Ստոքհոլմի ամենահայտնի, Շվեդիայում ամենաշատ այցելու ունեցող եւ աշխարհի ամենից յուրօրինակ թանգարաններից է խորտակված Վազա նավի թանգարանը:

XVII դարում կառուցված առագաստանավը Ստոքհոլմի ծոցում խորտակվել է ծով դուրս գալու հենց առաջին օրը, 1628 թվականի օգոստոսի 10-ին: Ծովի հատակին այն մնացել է ոչ ավել, ոչ պակաս՝ 333 տարի: Անցյալ դարի կեսերին այն վեր բարձրացրեցին, եւ՝ հրաշք. պարզվեց, որ քիչ աղի ջրում Վազան հրաշալիորեն պահպանվել է: Ներկայում այն աշխարհում պահպանված միակ միջնադարյան առագաստանավն է: Վազան տեղակայված է հսկայական տարածքում՝ զարդարված երեք կայմերով, եւ տեսանելի է գրեթե ամեն կողմից:

Բայց եթե թանգարանի դրսից կարելի է պատկերացում կազմել միջնադարյան նավի չափերի մասին, ապա ներսում (մուտքի տոմսն արժե շուրջ 50 կրոն) դուք հսկայական տպավորություններ կստանաք: Թանգարանը «բազմատախտակամած» է, եւ յուրաքանչյուր տախտակամածին Վազան այցելուներին ներկայանում է նոր լույսի ներքո: Այստեղ ներկայացված են նավի վրա պահպանված գտածոները, այն ամենը, ինչ մնացել է ուղեւորներից, եւ, թերեւս՝ ամենացնցողը. այն դժբախտների վերականգնված դեմքերը, ում կմախքը հայտնաբերվել է Վազայի նավախցիկներում: Այդպիսով, դիտելով միջնադարյան շվեդների դեմքերը եւ Շվեդիայի պատմությունը ներկայացնող ցուցանմուշները, դուք յուրօրինակ ճանապարհորդություն կկատարեք ժամանակի մեջ:

Վազան ինձ վրա ապշեցուցիչ տպավորություն թողեց: Այնչափ հսկայական է, որ այն ամբողջությամբ տեսնել թանգարանի մի անկյունից անհնար է:

Հյուսիսային թանգարան

Եթե նախորդ թանգարանի անսովորությունը ձեզ հասցրեց ձանձրացնել, եւ պատմության, Շվեդիայի ու Սկանդինավիայի այլ ժողովուրդների ավանդույթների վերաբերյալ ավանդական հայացք եք ցանկանում, ապա պետք է այցելեք Հյուսիսային թանգարան:

Ցուցադրությունն այստեղ ներառում է կենցաղի առարկաներ՝ սպասքից մինչեւ կոշիկ. դրա ցուցանմուշները նվիրված են շվեդական ազգային տարազների պատմությանը, առօրյա կյանքի ու տոների տեսարաններին:

Տարբեր դարաշրջանների հարուստ հավաքածուները կարող են ձեզ լրջորեն հետաքրքրել սկանդինավյան ժողովուրդների ավանդույթների մասին պատմություններով, իսկ թանգարանը բավական մեծ է, այդ պատճառով արժե այնտեղ գնալ, եթե 2-3 ժամ ազատ ժամանակ ունեք: Այս թանգարան այցելությունը ձեզ 80 կրոն կարժենա:

Հյուսիսային թանգարանը կարող է մշակութային ցնցում առաջացնել: Այստեղ ուշադիր հսկիչներ չկան, իսկ ցուցափեղկերի կառուցվածքն այնքան յուրահատուկ եւ լավ է մտացված, որ շունչդ կանգ է առնում թեթեւ նախանձից, թե ինչպես են շվեդները հպարտանում իրենց պատմությամբ, եւ ինչպես են կարողանում հմտորեն ներկայացնել այն:

Սկանսեն

Վազայից եւ Հյուսիսային թանգարանից քիչ հեռու գտնվում է Ստոքհոլմի ոչ պակաս տեսարժան եւս մեկ վայր: Սկանսենը թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ հավաքում են հին եւ ոչ այնքան գյուղական տներ: Դրա պատմությունը սկսվում է XIX դարավերջից, երբ այստեղ առաջին ցուցանմուշները հայտնվեցին:

Ժամանակի ընթացքում Սկանսենի տարածքում հայտնվել են ամենատարբեր տներ եւ տնակներ Սկանդինավիայի տարբեր շրջաններից, ինչպես նաեւ կահույքի եւ ապակու գործարաններ: Դրանք գործում են, եւ յուրաքանչյուր այցելու կարող է հետեւել հարմարավետ շվեդական տանն անհրաժեշտ առարկաների արտադրության ամբողջական գործընթացին: Սկանսենի ապակու ֆաբրիկայում պատրաստված հուշանվերներն իսկական գլուծգործոց են:

Սկանսենում նաեւ փոքրիկ կենդանաբանական այգի կա, որտեղ բնակվում են արջեր, ձիեր, վարազներ եւ Շվեդիայի խորհրդանիշ եղջերուների ամբողջական ընտանիքներ: Եղջերուները ամբողջ Սկանսենից գրեթե ամենաշատը հիացրեցին ինձ, իսկ երբ պարզվեց, որ կարելի է նրանց նաեւ շոյել, ինչից մեծ հաճույքով օգտվում են երեխաները, ես նույնպես չկարողացա դիմանալ: Ի դեպ, երեխաները Սկանսենի հիմնական այցելուներն են, քանի որ այս վայրն իսկական դրախտ է խաղաղ զբոսանքների եւ քաղաքաբնակների համար անսովոր զվարճությունների համար:

Սկանսեն մուտքի տոմսն արժե 140 կրոն:

Յունիբակեն

Հանրահայտ գրող Աստրիդ Լինդգրենը՝ տարիքին ապրող Կառլսոնի եւ Պեպի Երկար գուլպայի գրական մայրը, ապրել է Ստոքհոլմում, որտեղ երբեմն կարելի է հանդիպել «Այստեղ սիրում էր զբոսնել Աստրիդ Լինդգրենը» ցուցանակը: Յունիբակեն թանգարանի կողքին նման ցուցանակ չկա: Բայց որ Աստրիդը սիրել է նրա հերոսներին, կասկածից վեր է:

Հսկայական Վազայի կողքին տեղակայված փոքրիկ Յունիբակենն ուշադրություն է գրավում միայն տարիքի վրա գտնվող հայտնի տնակով եւ ձեռքով անող Կառլսոնով: Իսկ ներսում այցելուներին սպասում է հեքիաթային ճանապարհորդություն Աստրիդ Լինդգրենի հեքիաթներով. փոքրիկ գնացքը ձեզ կտանի նրա գրքերի էջերով: Դրանից հետո դուք կարող եք հյուրընկալվել Կառլսոնին եւ Պեպիին:

Սանդհամն

Չնայած Ստոքհոլմում ժամանցը բացառապես հաճելի է եւ բազմազան, քաղաքի շրջակայքում կան բազմաթիվ հետաքրքիր վայրեր, ուր այցելությունը հաճույք կպատճառի եւ հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմել Շվեդիայի մասին:

Շվեդիայի գյուղական միջավայրը զարմացնում է իր չափավորությամբ եւ հանդարտությամբ: Սանդհամն գյուղն իսկական օրինակ է: Սա ոչ մեծ գյուղակ է՝ տեղակայված համանուն կղզում:

Դուք հաճույք կստանաք փշատերեւ անտառում զբոսանքից եւ կարող եք Բալթիկ ծովի սառը ջրերը մխրճվելու գաղափարն իրականություն դարձնել հենց այստեղ, կղզու լողափերից մեկում: Սանդհամնում շնչելը դյուրին է, քանի որ այստեղ ոչ մի մեքենա չկա: Այստեղ աչք են շոյում զբոսանավերով լցված նավամատույցները՝ ոտքով զբոսանքին զուգահեռ նաեւ ծովային զբոսանքի կանչելով:

Ստոքհոլմից այստեղ ճանապարհը կարճ չէ. շուրջ 1 ժամ ավտոբուսով կամ 40 րոպե մոտորանավով: Վերջինով երկու ուղղությամբ երթեւեկությունն արժե 200 կրոն: Ուշադրություն դարձրեք մոտորանավերի շարժվելու ժամանակացույցին, որպեսզի, ինչպես ես, ստիպված չլինեք վազքով կտրել-անցնել ամբողջ անտառը:

Բիրկա

Պատմության սիրահարներին եւ մասնագետներին անպայման դուր կգա Մելարեն լճում գտնվող այս կղզի ճամփորդությունը, որը եղել է վիկինգների հզոր պետության կենտրոնը:

Բիրկան տեսարժանությամբ չի փայլում: Այն ամենից, որ հիշեցնում է վիկինգներին, այստեղ պահպանվել են միայն նրանց շիրիմները, որոնք սկիֆյան բլուրներ են հիշեցնում: Բայց Բիրկայի թանգարանում բազմաթիվ հետաքրքիր գտածոներ կան, եւ ուղեկցորդի հետ զբոսանքը, ով կարողանում է խոսքերով վերականգնել վաղուց անցած օրերի ամբողջական պատկերը, բավական ճանաչողական է:

Այս կղզում աշխատող հնագետներն ու պատմաբանները փնտրում են հարցի պատասխանը, թե ինչո՞ւ վիկինգները մեկ ժամվա ընթացքում լքեցին իրենց մայրաքաղաքը: Ո՞վ գիտե, գուցե, շուտով մենք նրանցից կստանանք պատասխանը: Իմ կարծիքով, Բիրկայում ոչ մի տեսարժան վայր չկա, միայն մթնոլորտը:

Ստոքհոլմից մինչեւ Բիրկա ճանապարհը կարճ չէ. շուրջ 2 ժամ Մելարենի վրայով:

Շվեդական մայրաքաղաքի բազմակողմանիությունն եւ դրա գեղեցկությունների բազմազանությունը հնարավորություն չեն տալիս «Ինչպե՞ս լավագույնս անցկացնել Ստոքհոլմում ժամանակը» հարցին ի պատասխան՝ միանշանակ բաղադրատոմս առաջարկել: Ստոքհոլմում եւ դրա շրջակայքում վիրտուալ զբոսանք կատարելով՝ կարծում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն այս քաղաքում կգտնի այն, ինչն իրեն հոգեհարազատ է: 

Վ.Ա.



© NEWS.am STYLE