«Ես առայժմ պատրաստ չեմ ամուսնության». Քրիստեն Ստյուարտը նշում է ծննդյան 28-ամյակը

16:04   9 ապրիլի, 2018

Այսօր՝ ապրիլի 9-ին, ծննդյան տարեդարձն է նշում «Մթնշաղ» ֆիլմի աստղ՝ հայտնի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը: Նա դարձավ 28 տարեկան:

Ստյուարտն իր դերասանական կարիերան սկսել է մոտ 20 տարի առաջ՝ 1997 թ-ին՝ նկարահանվելով փոքրիկ էպիզոդներում: Նա ճանաչում ձեռք բերեց 2002 թ-ին՝ նկարահանվելով «Խուճապի սենյակը» ֆիլմում, որտեղ հանդես էր գալիս Ջոդի Ֆոսթերի հերոսուհու դստեր դերում: Դրանից հետո Քրիստենին հրավիրեցին նկարահանվել «Խոսիր», «Բռնեք այդ երեխային» եւ «Դեպի վայրին» ֆիլմերում:

Իհարկե, ավելորդ չէ նշել, որ դերասանուհուն գլխապտույտ հաջողություն բերեց 2008 թ-ին նկարահանված «Մթնշաղ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն՝ Բելլա Սուոնին: Նրա խաղընկերը հմայիչ Ռոբերթ Փաթինսոնն էր, որի հետ էլ եղավ երիտասարդ դերասանուհու առաջին լուրջ սիրավեպը:

Քրիստենի անունը հետագայում մի շարք հայտնի մարդկանց հետ կապեցին, նրանց թվում է նաեւ հայտնի մոդել Ստելլա Մաքսվելը:

Հարցազրույցներից մեկում դերասանուհին խոսել է բիսեքսուալ լինելու մասին: Նա հայտարարել է. «Հրաշալի է, երբ այլեւս ստիպված չես թաքցնել ինչ-որ բաներ՝ կապված քո սեռական կողմնորոշման հետ»:

Սկանդալային լինելուց բացի` Ստյուարտը նաեւ բավականին ոճային է: Դերասանուհին հատկապես սիրում է փոփոխությունների ենթարկել իր սանրվածքը: Սակայն այսօր նրա ոճային փոփոխությունների մասին չէ, որ խոսելու ենք: Ձեզ ենք ներկայացնում Քրիստենի հայտնի մեջբերումներից մի քանիսը.

«Լավ է, երբ դու դու ես, եւ նորմալ է, որ կատարյալ չես»:

«Ես բավականին ամաչկոտ եմ, այդ պատճառով էլ մարդկանց թվում է, թե մեկուսացված եմ»:

«Հայտնի լինելու ամենատարօրինակ կողմն այն է, որ դու ինքդ հնարավորություն չես ունենում ստեղծել քո մասին առաջին տպավորությունը: Մարդիկ մինչ քեզ հանդիպելն արդեն քո մասին կարծիք են կազմած լինում»:

«Եթե դու ազնիվ մարդ ես, դու առանց վախենալու կսխալվես: Հենց դրանից հետո է սկսվում ամենահետաքրքիրը»:

«Չգիտեմ՝ մարդիկ ինչ կարծիք ունեն իմ մասին, բայց դպրոցում ես շատ օրինապահ աշակերտուհի եմ եղել»:

«Հաջողության մասին պատկերացումը մարդկանց մոտ տարբեր է լինում: Օրինակ՝ ես ինձ հաջողակ եմ համարում, երբ իմ արած գործն ինձ երջանկացնում է, եւ ես չեմ ստում ոչ ինձ, ոչ էլ շրջապատիս»:

«Ես իսկապես հպարտ եմ «Մթնշաղ» ֆիլմում նկարահանվելու համար, այն հրաշալի ֆիլմ է, բայց երբեմն չեմ հասկանում, թե ինչու են այդքան շատ աղջիկներ ինձ տեսնելիս բղավում իմ անունը: Չեմ կարծում, թե արժանի եմ դրան»:

«Ուրախ եմ, որ ես այն դերասանուհիներից չեմ, որոնք ամեն մեկի առաջ պատրաստ են բացել իրենց սիրտը»:

«Չեմ կարծում՝ երբեւէ կկարողանայի դառնալ դերասանուհի, եթե իմ կարիերան չսկսեի 9 տարեկանում»:

«Ես առայժմ պատրաստ չեմ ամուսնության, բայյց ունեմ շատ լավ ընտանիք ու կարծում եմ՝ մի օր դրա մասին էլ կմտածեմ»:

Լուսանկարները՝ Daily Mail, Fortune, Wannart.com



© NEWS.am STYLE