Ինքնավստահ մարդիկ երբեք չեն օգտագործում այս արտահայտությունները

19:04   13 ապրիլի, 2018

1․ «Կներես» (եթե ներողություն խնդրելու պատճառ չկա)

Եթե որոշ ժամանակ հետեւեք ոչ ինքնավստահ մարդուն, ապա ամենայն հավանականությամբ դուք կլսեք, թե քանի անգամ է նա ներողություն խնդրում մի բանի համար, որի համար ամենեւին մեղավոր չէ։ Ու նա դա անում է ոչ թե որովհետեւ իրեն մեղավոր է զգում ամեն ինչի համար, այլ ավելորդ պասիվության ու ինքն իր հանդեպ հարգանքի բացակայության պատճառով։

Իհարկե հասարակության մեջ պետք է հարգել շրջապատի մարդկանց (ու նրանց ցույց տալ այդ հարգանքը), բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է հարգենք ինքներս մեզ։ Հակառակը, դրանից է պետք սկսել։ Ավելորդ անգամ ներողություն խնդրելու փոխարեն ասեք որեւէ իմաստալի ու օգտակար բան։

«Շնորհակալություն հատկացված ժամանակի համար», «Շնորհակալություն, կարող եք վերադառնալ ձեր աշխատանքին», կամ «Շնորհակալություն օգնության համար»․․․ այս արտահայտությունները հաստատ ավելի շատ դուր կգան մարդկանց, քան դատարկ ու ոչ անկեղծ ներողությունը , բացի դրանից դրանք ձեզ կօգնեն ավելի ինքնավստահ թվալ։

2․ «Գիտեք, թե ինչ է տեղի ունեցել իրականում ․․․»

Երբեք ոչ մի դեպքում մի օգտագործեք այս արտահայտությունը, եթե դրան չի հաջորդելու իսկական , հարյուրտոկոսանոց ճշմարտությունը։ «Գիտեք, թե ինչ է իրականում տեղի ունեցել» ու «Ահա թե ինչ է իրականում պատահել » արտահայտությունները հիմնականում սուտասաններն են օգտագործում։ Ավելի լավ է առհասարակ մոռանաք այդ արտահայտությունների մասին։ Եթե ձեզ հետ տեղի է ունեցել մի բան, որը ձեզ ստիպել է շեղվել ուղուց, պարզապես առանց բացատրությունների փորձեք շտկել իրավիճակը, իսկ եթե պետք է ստիպված եք այդ մասին պատմել ուրիշներին՝ այդպես էլ արեք, պատմեք ամեն ինչի մասին ուղիղ ու անկեղծ, բայց ճշմարտությունը մի սկսեք այնպիսի նախաբանով,  որի պատճառով այդ ճշմարտությունը ձեր զրուցակցին կարող է սուտ թվալ։

Խոսեք հստակ ու անկեղծ, ինչը միշտ ավելի համոզիչ է, քան արհեստական արդարացումները։

3․ «Այս ամենի համար նրանք են մեղավոր»

Բոլորս էլ գիտենք փորձված ճշմարտությունը՝ համարձակ ու իմաստուն մարդիկ պատասխան են տալիս իրենց արարքների համար, իսկ վախկոտները ուրիշներին են մեղադրում։

Ու չնայած մենք իրականում մեղավոր չենք մեր շուրջ տեղի ունեցող սխալների մեծ մասի համար, բայցեւայնպես ինքնավստահ մարդիկ ուրիշներին հարվածի տակ չեն դնում՝ քավության նոխազ փնտրելով։ Եթե Ձեզ փորձում են մեղադրել որեւէ բանի համար, ինչը դուք չեք արել, այդ դեպքում իհարկե կարող եք բացատրել կատարվածի բոլոր հանգամանքները։ Ուրիշների սխալների համար պատասխանատվություն մի՛ ստանձնեք ։ Բայց ուրիշներին էլ մի մատնեք (հատկապես անմեղներին) միայն ձեր վախի պատճառով։

Ինքնավստահ մարդիկ միշտ պատասխան են տալիս իրենց ասածների համար։ Ու նույնիսկ եթե դուք դեռ ձեզ շատ վստահ չեք զգում, այսօրվանից սկսած ձգտեք այդպես  վարվել, իսկ մնացածը ժամանակի ընթացքում կստացվի։

4․ «Ես մի տեսակ չեմ ուզում»

Բոլորս էլ կյանքում գոնե մեկ անգամ ասել ենք այս անօգուտ, խղճուկ ու բացասական արտահայտությունը։

Մենք բոլորս ափսոսացել ենք, որ ժամանակին ընտրել ենք այդ հեշտ ու հասարակ տարբերակը՝ ոչինչ չանելու ուղին։

Այդ դեպքում արժե՞ արդյոք զարմանալ, որ բոլոր իսկապես ինքնավստահ մարդիկ տարբերվում են իրենց կարգապահությամբ՝ այդ թվում այն հարցում, թե ինչպես են նրանք խոսում ուրիշների ու իրենք իրենց հետ։ Ու նույնիսկ եթե նրանք չեն ուզում որեւէ բան անել, նրանք երբեք ու ոչ մի դեպքում չեն օգտագործի այդ արտահայտությունը, չէ՞ որ դրանով դուք ասես խոստովանում եք ձեր պարտությունը։

Իհարկե դա չի նշանակում, որ ինքնավստահ մարդիկ միշտ ու բոլոր հանգամանքներում անում են միայն այն, ինչ պետք է․․․ բայց նրանք ամեն դեպքում  զգուշությամբ են ընտրում իրենց բառերը։

5․ «Ես պարզապես չեմ կարող»

Այս արտահայտությամբ մենք փորձում ենք համոզել մեր զրուցակցին, որ մենք, գուցե եւ կցանկանայինք որեւէ բանով զբաղվել, բայց պարզապես չենք կարող։ Ընդ որում մենք չենք բացատրում, թե ինչու։ Կռահո՞ւ մ եք, թե դա ինչ տպավորություն է թողնում ուրիշների մոտ։

 



© NEWS.am STYLE