«Ես ինձ չեմ համարում արեւելյան մարտարվեստի աստղ». Սթիվեն Սիգալը նշում է 66-ամյակը

16:24   10 ապրիլի, 2018

Ամերիկացի հայտնի դերասան, ռեժիսոր եւ արեւելյան մարտարվեստի վարպետ Սթիվեն Սիգալն այսօր՝ ապրիլի 10-ին, նշում ծննդյան տարեդարձը: «Օրենքի տակ» ֆիլմից հետո Նիկոյի կերպարով հայտնի դարձած դերասանն այսօր դարձավ 66 տարեկան:

Արեւելյան մարտարվեստի վարպետը հիմնականում հայտնի է հենց տվյալ ժանրի ֆիլմերով, որոնցից են՝ «Դժվար է սպանել», «Վերջին վերքերը», «Հանուն արդարության» եւ այլն:

Իհարկե, մարտարվեստի  ժանրի սիրահարներին այսօր առաջարկում ենք դիտել Սիգալի ֆիլմերից ցանկացածը, իսկ դերասանի երկրպագուների ուշադրությանը ներկայացնում նրա հայտնի մեջբերումներից մի քանիսը.

«Ցանկացած լավ մարզիկ ինչ-որ տեղ նաեւ գիտնական է եւ արտիստ»:

«Հուսով եմ՝ մի օր ինձ կճանաչեն՝ որպես լավ դերասան եւ գրող, ոչ թե միայն որպես սեքս խորհրդանիշ»:

«Մեզանից շատերն ունեն անառողջ մտքեր եւ էմոցիաներ, որոնք գալիս են մանկության դժվարություններից եւ ծանր ապրումներից»:

«Կարծում եմ՝ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հասարակությանը դժվար է հասկանալ»:

«Ես մահվանից չեմ վախենում, ավելին՝ ես նույնիսկ չեմ վախենում ապրել»:

«Գաղտնիքը մեկն է՝ պետք է ոչ թե խաղաս, այլ դառնաս տվյալ կերպարը»:

«Սիրում եմ դուրս գալ փողոցներ եւ օգնել մարդկանց»:

«Ինձ երբեք դուր չի եկել երեխա լինելը: Ես մանուկ հասակում էլ այնպիսի զգացողություն եմ ունեցել, ասես, իմ հասուն հոգին ապրում է մանկան մարմնի մեջ»:

«Ես ինձ չեմ համարում արեւելյան մարտարվեստի աստղ: Ինձ համար նույնիսկ վիրավորական կլիներ այդ կոչումը»:

«Ես փոքր տարիքից երաժիշտ եմ եղել: Երաժշտությունն իմ առաջին սերն է»:

Լուսանկարները՝ Սթիվեն Սիգալի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE