«Սիրում եմ ազատություն, բայց չեմ խառնում դա սանձարձակության հետ». Անյա Սահակյանն իր նոր դերի մասին

15:05   10 ապրիլի, 2018

Օրեր առաջ «Արմենիա Պրեմիում» հեռուստաաալիքի եթերում մեկնարկեց ռեժիսոր Վարդան Հակոբյանի «Ավազե դղյակը» հեռուստասերիալը, որտեղ հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետեւելու Yere1 սիթքոմից հայտնի դերասանուհի Անյա Սահակյանի խաղին: Երկար տարիներ սերիալներում չնկարահանվելուց հետո Անյան որոշեց էկրաններ վերադառնալ հենց այս նախագծով: NEWS.am STYLE-ը դերասանուհու հետ զրուցել է իր նոր դերի եւ եթերային վերադարձի մասին.

«Սերիալում մարմնավորում եմ Ալլա անունով մի աղջկա, որը մեծահարուստի աղջիկ է, շատ ազատամիտ ու սանձարձակ է, քանի որ ընտանիքի հարստությունը փչացրել է նրան: Աղջիկը շատ եսասեր է մեծացել եւ հաշվի չի նստում ոչ ոքի հետ, նույնիսկ՝ ընտանիքի անդամների: Մի խոսքով՝ ազատության մեջ մեծացած, ազատություն սիրող «լկստված» աղջիկ է:)»,-պատմում է Անյան, որի խաղն անմիջականորեն կապված է դերասաններ Անուշիկ Առաքելյանի եւ Արթուր Կարապետյանի հետ.

«Նրանք մարմնավորում են իմ ծնողներին: Նրանց շատ եմ սիրում, հաճելի խաղընկերներ են»,-ասում է նա:

Թեեւ Անյան երկար ժամանակ եթերում չէր, նրա հետ զրուցելու առիթներ էլի եղել են, եւ այդ զրույցների ընթացքում դերասանուհին իր էկրանային լռությունը բացատրում էր նրանով, որ շատ բծախնդիր է վերաբերվում յուրաքանչյուր առաջարկի: Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչով այս նոր նախագիծը գրավեց նրա ուշադրությունը.

«Իսկապես բծախնդիր եմ յուրաքանչյուր նախագիծ ընտրելիս, իսկ այս նախագիծն ինձ գրավեց հենց Ալլայի կերպարով: Երբեւէ բացասական դեր չէի մարմնավորել, ինձ գրավեց ազատության հանդեպ նրա սերը, ուժեղ կերպարը, քանի որ ինքս ազատությունը գնահատող մարդ եմ: Բայց բացի ազատության հանդեպ սիրուց եւ ուժեղ լինելուց՝ կերպարս ոչ մի այլ բանով ինձ նման չէ: Սիրում եմ ազատություն, բայց չեմ խառնում դա սանձարձակության հետ: Ի տարբերություն հերոսուհուս՝ ինձ համար իմ ընտանիքը միշտ առաջին տեղում է»,-եզրափակեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անյա Սահակյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE