«Ես ուզում եմ հայուհու տեսք ունենալ». Քիմ Քարդաշյանն իր դիմահարդարին

17:31   10 ապրիլի, 2018

Քիմ Քարդաշյանի անձնական դիմահարդար եւ ընկեր Մարիո Դեդիվանովիչը նոր մանրամասներ է հայտնել հայուհու հետ համատեղ կոսմետիկ շարքի ստեղծման մասին: Հայտնի դիմահարդարն օրերս հարցազրույց է տվել Hollywood Reporter-ին եւ պատմել, թե ինչ նախասիրություններ ունի Քիմ Քարդաշյանը դիմահարդարման մեջ.

«Չնայած նրան, որ Քիմը մինչ այդ ուներ իր կոսմետիկ շարքը, նա որոշեց, որ մենք երկուսով պետք է թողարկենք առանձին հավաքածու: Եվ ես սկսեցի ուսումնասիրել Քիմի ամենասիրված լուքերը, ընտրել երանգները, նա վստահում էր ինձ եւ հաստատեց այն ամենն, ինչ ես ընտրեցի: Ստվերաներկերի անունները մեծ նշանակություն ունեն թե իմ, թե Քիմի համար: Օրինակ՝ «Հայկականը» (դեղնա-ոսկեգույնը, որը ես ընտրեցի, որովհետեւ դեղինը Հայաստանի դրոշի գույներից է), քանի որ Քիմը հայուհի է եւ նա շատ է ցանկանում հայուհու տեսք ունենալ: Նա ինձ հաճախ է ասում՝ «Ինձ հայուհու տեսք հաղորդիր, ուզում եմ էթնիկ տեսք ունենալ»: Իսկ «Ալբանական» անվանվել է ստվերաներկերից կարմիրին ամենամոտ երանգը, քանի որ դա էլ Ալբանիայի դրոշի գույնն է»,- ասել է Մարիոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Refinery29.com կայքի հետ զրույցում Քիմը եւ Մարիոն խոսել էին իրենց համատեղ՝ KKWxMario հավաքածուի մասին, որի վաճառքը մեկնարկել է ապրիլի 5-ին:

«Մենք երկուսս էլ կարծում ենք, որ մեր ժառանգությունը շատ խորը նշանակություն ունի մեզ համար: Մարիոն ինձ հետ Հայաստան էր եկել: Մենք միշտ խոսում ենք մեր մշակույթների մասին: Մենք կարծեցինք, որ հրաշալի կլինի, եթե ստվերաներկերն անվանենք այն անուններով, ինչ մենք կանք»,- նշել է Քիմը:

Լուսանկարները՝ WireImage



© NEWS.am STYLE