Քիմ Քարդաշյանի նախկին տունը կռվախնձոր է դարձել Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին քարտուղարուհու եւ առանձնատան բնակչուհու միջև

12:05   11 ապրիլի, 2018

Այսօր Քարդաշյանների ընտանիքն իր սկանդալային պատմություններով գերազանցում է բոլոր ռեկորդները։ Եվ այսպես, մինչ Քիմ Քարդաշյանը հրապարակում է իր բիկինիով լուսանկարները, հղի Քլոե Քարդաշյանը ուշքի է գալիս իր բոյֆրենդի դավաճանություններից, լրահոսում է հայտնվել նաև Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի նախկին առանձնատունը, որը ամուսինները վաճառել էին Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին քարտուղարուհի Մարինա Էկտոնին։

Վերջինը անցած տարի ձեռք է բերել Քիմի առանձնատունը 17,5 միլիոն դոլարով՝ սկզբնական արժեքից կրկնակի թանկ։ Նախկինում Մարինան եղել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Սվյատոսլավ Պիսկունի քարտուղարուհին։ Մարինան ամուսնացել է հայի հետ, տեղափոխվել ԱՄՆ, հետո բաժանվել ու նորից ամուսնացել WhatsApp-ի հիմնադրի Բրայան Էկտոնի հետ, որի կարողությունը գնահատվում է 6 մլրդ դոլար։

Քիմը մտերիմ է Մարինայի հետ, որը, ինչպես գրում է TMZ-ը, սկանդալային պատմության մեջ է հայտնվել։

Պարզվում է, որ Մարինան ինքն այդ տանը չի ապրում, բայց առանձնատունը վարձակալության է հանձնում ոմն Դայոնեին։ Վերջինը Մարինային դատի է տվել, քանի որ Էկտոնը անջատել է տան ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, նաև մշտապես սպառնում է տնվորուհուն ու նրա ընտանիքին։ Դայոնեն հայտնում է, որ Մարինան նման վարքագիծ է սկսել դրսևորվել մարտին։ Հետաքրքիր է, որ աղջիկը Մարինայի նախկին օգնականուհին է, որին Էկտոնը հեռացրել է աշխատանքից (իսկական սերիալ՝ ի՞նչ կարիք կար տունը վարձակալության հանձնել մեկին, ում դու հեռացրել ես աշխատանքից)։

Մարինայի փաստաբանի հայտարարությամբ՝ վերջինը պետք է Դայոնայից ստանար ամսական 55 հազար դոլար, սակայն առայսօր ոչ մի կոպեկ չի ստացել։ Մարինան նույնիսկ ոստիկանություն է զանգահարել, որը նույնպես չի կարողացել աղջկան, նրա ամուսնուն ու քրոջը ստիպել հեռանալ առանձնատնից։ Մարինան պատասխան հայց է պատրաստում։

 



© NEWS.am STYLE