Լոս Անջելեսի դատախազությունը գործ չի հարուցելու սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Քեւին Սփեյսիի դեմ

12:05   12 ապրիլի, 2018

Լոս Անջելեսի դատախազությունը գործ չի բացելու սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Քևին Սփեյսիի դեմ, հայտնում է TMZ-ը։

Հիշեցնենք, որ դերասան Էնթոնի Ռեպը, որը նկարահանվել է Star Trek հեռուստասերիալում, Սփեյսիին մեղադրել է 30-ամյա վաղեմության սեռական ոտնձգությունների մեջ (դերասանն այն ժամանակ 14 տարեկան էր, իսկ Քևինը՝ 26)։ Սփեյսին հայտնել է, որ չի հիշում նման միջադեպ այն ժամանակ անչափահաս Ռեպի հանդեպ, բայցևայնպես ներողություն է խնդրել նրանից: Հետո այդ մեղադրանքներին են միացել ևս երեք դերասան։

Ապրիլի 5-ին շերիֆի գրասենյակը նյութերը փոխանցել է դատախազներին, որոնք գործ չեն բացի դերասանի դեմ՝ հանցագործության վաղեմության մասին օրենքի համաձայն։

Նշենք, որ Սփեյսիի գործը քննում են և՛ Լոնդոնում, և՛ Նանտակետ կղզում։ Հետաքրքիր է, եթե այնտեղ էլ 58-ամյա դերասանի դեմ գործ չբացեն, այդ դեպքում ինչպե՞ս են պրոդյուսերները բացատրելու նրա բացակայությունը «Խաղաքարտերի տնակ» սերիալում ու մնացած նախագծերում, որտեղ պետք է նկարահանվեր Սփեյսին։

 



© NEWS.am STYLE