Քիմ Քարդաշյանն ու նրա մայրը համոզում են Քլոեին լքել Թրիստանին՝ նրա դավաճանությունների պատճառով

13:04   12 ապրիլի, 2018

Քիմ Քարդաշյանի Instagram-ը լի է բիկինիով լողափնյա լուսանկարներով, բայց իրականում 37-ամյա հեռուստաաստղը իր մոր՝ Քրիս Ջեների հետ Քլիվլենդ է մեկնել՝ Քլոեի մոտ։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է շարունակվում այն սկանդալը, որի մեջ հայտնվել է Քլոե Քարդաշյանի բոյֆրենդը՝ Թրիստան Թոմփսոնը։ Հիշեցնենք, որ բասկետբոլիստը սկանդալային պատմության մեջ է հայտնվել՝ նրան «բռնացրել են» սիրուհիների հետ ու տեսագրել։ Նրանցից մեկի՝ Լանի Բլեյեր անունով մի աղջկա հետ, մարզիկին մի քանի անգամ տեսել են անցած շաբաթ։

Իսկ TMZ պորտալը նախ պարզել էր, որ սիրուհիներից մեկի անունը Լանի Բլեյեր է։ Իսկ հետո հայտնի է դարձել նաև երկրորդի անունը՝ Մարի։

Քլոեն հիմա Քլիվլենդում է, ուր նա մեկնել էր աջակցելու Թրիստանին նրա թիմի խաղի ժամանակ, սակայն սկանդալից հետո հայուհին այլևս չի ուզում տեսնել իր բոյֆրենդին։

Page Six-ը գրում է, որ ամբողջ ընտանիքը համոզում է հղի Քլոեին լքել բասկետբոլիստին։

«Սա մղձավանջ է Քլոեի համար։ Նա հիմա սարսափելի վիճակում է։ Քրիսն արդեն ժամանել է, իսկ Քիմն ու Քորթնին դեռ ճանապարհին են։ Նրանք ուզում են, որ Քլոեն լքի Թրիստանին, քանի որ նա արժանի չէ Քլոեին։ Հիմա նրանց համար ամենակարևորը Քլոեին շուտ տուն տանելն է, որպեսզի երեխան վտանգի չենթարկվի»,- հայտնել է աղբյուրը, որը հավելել է, որ Քլոեն ուր որ է՝ պետք է ծննդաբերի։

Հայտնում են նաև, որ սթրեսի պատճառով Քլոեի մոտ վաղաժամ երկունքի ցավեր են սկսվել։



© NEWS.am STYLE