«Հոլիվուդն այն բարձունքն է, որին ձգտում եմ». ամերիկահայ դերասան Դավիթ Սարգսյանը՝ միջազգային փառատոններում դափնեկիր դառնալու մասին

12:08   13 ապրիլի, 2018

Ամերիկահայ երիտասարդ դերասան Դավիթ Սարգսյանը, որը հայ հեռուստադիտողին առավել հայտնի է «Թուղթ ու գիր» եւ «Վտանգավոր խաղեր» սերիալներից, վերջերս IMDb որակավորման միանգամից երեք հեղինակավոր կինոփառատոնի դափնեկիր է դարձել՝ Molehill ամերիկյան կարճամետրաժ ֆիլմում խաղացած իր դերի համար` որպես «Երկրորդական պլանի լավագույն դերասան»: Այդ փառատոններն են՝ Festigious International Film Festival-ը, Los Angeles Actors Awards-ը եւ իտալական Oniros Film Awards-ը, որտեղ, ի դեպ, ֆիլմում իր խաղընկերուհի Ալինա Սմոլյերի հետ դարձել են «Լավագույն դերասանական զույգ» (Best Acting Duo) անվանակարգի հաղթողներ:

Այժմ դերասանն ակտիվորեն մասնակցում է ամերիկյան մի քանի նախագծերի նկարահանումներին, համագործակցել է նաեւ Discovery Channel-ի հետ:

NEWS.am STYLE-ը զրուցել է ամերիկաբնակ դերասանի հետ իր հաջողությունների, հայկական սերիալներում չնկարահանվելու եւ ապագա ծրագրերի մասին:

Դավիթ, մի փոքր կպատմե՞ք՝ ինչպես հայտնվեցիք ԱՄՆ-ում եւ ինչպե՞ս սկսվեց այնտեղ Ձեր դերասանական կարիերան:

Ես դեռ վաղ տարիքից էի երազում դերասանական կարիերայի մասին, բայց երբ ընտանիքիս հետ տեղափոխվեցինք ԱՄՆ, Ինձ համար արդեն պարզ էր, թե ինչով պետք է զբաղվեմ … 2013 թվականն էր, երբ սկսեցի նկարահանվել հայկական հեռուստասերիալներում, եւ դա այդ ժամանակ ամենամեծ դերասանական փորձս էր: Հիշում եմ՝ գնացել էի մեկ ուրիշ հեռուստասերիալում էպիզոդիկ դերի համար քասթինգ անցնելու, բայց սպասասրահում հանդիպեցի Զոհրաբ Բեկ-Գասպարենցին, մի փոքր զրուցեցինք, եւ նա կանչեց ինձ իր նոր հեռուստասերիալի լսումներին: Այդպես Զոհրաբ Բեկ-Գասպարենցն ինձ հաստատեց Ջեքի կերպարում՝ «Թուղթ ու գիր» հեռուստասերիալում:

Այժմ սերիալային նոր առաջարկներ չունե՞ք:

Արդեն մեկ տարուց ավելի է՝ հայկական սերիալներում չեմ ներկայանում: Ամբողջ էներգիաս ու ժամանակս կենտրոնացրել եմ ուսմանս ու ապագայիս անելիքների վրա: Այստեղ շատ պետք է կրթվես ու զարգանաս՝ մեծ ձեռքբերումների հասնելու համար: Իսկ ես ուզում եմ ամերիկյան շուկայում հաջողությունների հասնել: Առաջարկներ լինում են, կան, բայց տարիներով ցուցադրվող սերիալները ժամանակատար են, խուսափում եմ: Մեծ հաճույքով կնկարահանվեի մի քանի սերիայից բաղկացած հեռուստանովելում, եթե, իհարկե, կերպարն ինձ հետաքրքրի:

Ձեզ վերջերս հաջողություն բերեց Molehill կարճամետրաժ ֆիլմում Սիդի դերը: Կպատմե՞ք Ձեր հերոսի մասին: Հե՞շտ էր նրան մարմնավորելը:

Սիդը մեր ժամանակների այն բարդ խառնվածքով երիտասարդներից է, ով սկզբում դեմ է ընտանեկան արժեքներին, հաճույքներ է փնտրում ու իրեն թվում է, թե դա այն է, ինչ ուզում է: Ֆիլմի վերջում նա պետք է գիտակցի իր սխալը, վերափոխվի, հասկանա ընտանիքի ու սիրելիների առավելությունն ու հետ դառանա տուն: Հիմնական բարդությունը կարճ ժամանակում քո մարմնավորած հերոսին այդ տրանսֆորմացիայով անցկացնելն է: Հաջողվեց դա, ու կարծես` նաեւ ջանքերս ապարդյուն չանցան: Առհասարակ, կերպար ստեղծելիս փորձում եմ նմանություններ չփնտրել, այլ ուղղակի կերտել ու յուրովի ներկայացնել: Չեմ կարող ասել՝ ինձ հետ ընդհանրություն ունի կերպարս, բայց դա հավաքական կերպար է: Ամերիկայում այդ կյանքով ու այդ ճանապարհով անցնող շատ երիատսարդներ կան: 

Վերջերս արժանացել եք հեղինակավոր մրցանակների հենց այդ ֆիլմում մարմնավորած կերպարի շնորհիվ: Կպատմե՞ք, թե ինչ նշանակություն ունեցան Ձեզ համար այդ մրցանակները:

Երեք հեղինակավոր կինոփառատոնում արժանացա IMDb որակավորման մրցանակների, որոնք անգնահատելի մեծ դեր ունեն ցանկացած երիտասարդ դերասանի կյանքում: Արդեն համարվում եմ մրցանակակիր դերասան, ում կենսագրության մեջ՝ այն էլ այս տարիքում, մեծ դեր ունի վարկանշային որակավորումը: Ցանկացած քասթինգի ու լսումների ժամանակ, երբ տեսնում են քո տվյալների մեջ այդ նշումը, հասկանում են, որ հեղինակավոր ժյուրիի կողմից լավագույնի կոչմանն ես արժանացել:

Հետեւո՞ւմ եք, առհասարակ, հայկական կինոինդուստրիային: Զարգացումներ այստեղ տեսնում ե՞ք:

Իհարկե, հետեւում եմ եւ չեմ կարող կտրվել իմ մշակույթից: Զարգացում կա, ֆիլմերը գնալով ավելի հետաքրքիր են դառնում: Ռեժիսորներից ոչ մեկին չեմ ուզում առանձնացնել, որովհետեւ ստեղծագործող մարդկանց դժվար է գնահատական տալ: Նրանցից յուրաքանչյուրն իր ձեռագիրն ու ոճն ունի:

Դավիթ, իսկ ո՞ր հայտնի դերասաններն են Ձեզ համար օրինակ ծառայում:

Ամեն մեկից մի բան սովորում եմ, գիտեք… Ինձ համար լավագույնի չափանիշ չկա, որովհետեւ անցած ճանապարհը բոլորի համար տարբեր է: Ամեն մեկը յուրովի է ինձ մոտիվացնում թե իր խաղով, թե կյանքի ուղիով: Հիմա կարող եմ ասել, օրինակ, որ Ալ Պաչինոյի արվեստի սիրահարն եմ: Մեկ տարի առաջ էր, երբ առիթ ունեցա հանդիպել Ալ Պաչինոյին, ինչպես նաեւ բեմում վայելել նրա խաղը…Դա աննկարագրելի ազդեցություն եւ տպավորություն թողեց իմ կյանքում:

Առաջիկայում ի՞նչ նպատակներ ունեք: Հոլիվուդում նկարահանվելը մտնո՞ւմ է Ձեր առաջիկա պլանների մեջ:

Շատ նախագծեր կան, որոնցում հիմա ներգրավված եմ, բայց գրեթե ոչ մեկի մասին իրավունք չունեմ դեռ խոսելու: Առաջիկայում կարեւոր աշխատանքներ կներկայացնենք համաշխարային հանրությանը, բայց հատկապես հայ հանդիսատեսը մեծ ոգեւորություն կապրի: Հոլիվուդն այն բարձունքն է, որին ձգտում եմ. դա միանշանակ կա իմ ծրագրերում: Արդեն նշեցի՝ ինչ-որ բանի հասնելու համար Ամերիկայում պետք է շատ աշխատես, անընդհատ կրթվես ու զարգանաս, տեղում չկանգնես: Ես այդ ճանապարհին եմ՝ սովորել, աշխատել, վերանայել ու գնալ առաջ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Դավիթ Սարգսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE