«Աստղ դառնալը հեշտ է». Էդրիեն Բրոուդին նշում է ծննդյան 45-ամյակը

17:31   14 ապրիլի, 2018

Ամերիկացի հայտնի դերասան Էդրեն Բրոուդին այսօր՝ ապրիլի 14-ին, նշում է ծննդյան 45-ամյակը: Բրոուդին մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, նա նաեւ միակ ամերիկացին է, որն արժանացել է ֆրանսիական «Սեզար» մրցանակին:

Դերասանի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են՝ «Դաշնակահարը», «Խորհրդավոր անտառը», «Բարակ կարմիր գիծ», «Քինգ Քոնգ», «Պիջակ» եւ այլն:

Բրոուդիի մասին հետաքրքիր փաստերից մեկն այն է, որ նրա պատվին է կոչվել N9974 աստերոիդը:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է դերասանի հայտնի մեջերումներից մի քանիսը:

«Կզարմանաք, երբ իմանաք՝ որքան դժվար է ինձ հարմարվել բջջային հեռախոսին»:

«Իմ ներսում միշտ էլ ապրել է դերասանը»:

«Հայրս ինձ միշտ ասում էր, որ հաջողության հասնելը դժվար է: Ինձ 17 ու կես տարի պահանջվեց հաջողության հասնելու համար»:

«Հրաշալի է, երբ մարդիկ գնահատում են աշխատանքդ, բայց չգիտեմ՝ որքան լուրջ կարելի է դա ընդունել»:

«Ես մեծացել եմ շատ քիչ գումարով, իմ ծնողներն էլ բավականին աղքատ են ապրել: Այդ փաստն ինձ միշտ զգոն է պահել»:

«Իհարկե, հաճելի է, երբ երիտասարդ տարիքում արժանանում ես «Օսկարի», բայց ես փորձել եմ միշտ պահել ինձ այն ուղու վրա, որտեղ եղել եմ նաեւ նախկինում»:

«Աստղ դառնալը հեշտ է, բայց ես ուզում եմ աշխատել ու զարմացնել ինքս ինձ»:


© NEWS.am STYLE