Երեւանյան ազդ․ Ինչ դիտել եւ ուր գնալ այս շաբաթ

10:05   16 ապրիլի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել ձեզ այն հետաքրքիր միջոցառումները, որոնք տեղի են ունենալու մեր մայրաքաղաքում։

Ու հենց այսօր, ժամը 19։00-ին Գորան Բրեգովիչը համերգ է տալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում։ Կարծում ենք՝ իմաստ չունի գրել, թե ով է նա)))

Տոմսերի արժեքը 3000-ից 30 000 դրամ է։ Ի դեպ, համերգից հետո Երևանի ակումբներից մեկում երաժիշտը ելույթ կունենա «Ռեինկարնացիա» խմբի հետ։

Վաղը, երեքշաբթի, KAMI ակումբում, ժամը 21։30-ին ելույթ կունենա Lucas Madoyamn Blues Band-ը։ Բլյուզի սիրահարնե՛ր, բարի գալուստ։ Տոմսերի արժեքը` 3000 դրամ։

Ապրիլի 19-ին, երեկոյան ժամը 7-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ելույթ կունենա Բարբարա Ֆրիտտոլին (սոպրանո, Իտալիա)։ Իտալական սոպրանո Բարբարա Ֆրիտտոլին քաջ հայտնի է երաժշտասերներին։ Նա ուսում է ստացել Միլանի կոնսերվատորիայում։ Սկզբում Ֆրիտտոլին հայտնի է դարձել Մոցարտի օպերաների պարտիաների հետաքրքիր ինտերպրետացիաներով։ Ամենամեծ հռչակը նրան բերել են Լեոնորայի դերը «Տրուբադուր» ու Դեզդեմոնայի դերը «Օթելլո» օպերաներում, որոնք նա կատարել է Ռիկկարդո Մուտիի ղեկավարությամբ։ Տոմսերի արժեքը` 2000-10000 դրամ։

Ապրիլի 20-ին DJ Carlos –ը բոլորին հրավիրում է Friends փաբ։ Երաժշտությունը սկսվելու է 20։30-ին։ Մուտքն ազատ է։

Ապրիլի 21-ին ռոքի սիրահարներին հրավիրում ենք Stop բար, որտեղ ելույթ է ունենալու բոլորի կողմից սիրված Lav Eli-ն։ Համերգը սկսվելու է 21։00-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ։

Ւսկ այս տեղեկությունը շատ կարևոր է ջազի սիրահարների համար։ Ապրիլի 22-ին, ժամը 20։00-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում կկայանա Gary Kesayan ջազային քառյակի համերգը, որի հետ միասին բեմում ելույթ կունենա Իրինա Զաքյանը, օպերային երգիչ Արսեն Ստեփանյանը, Ալլա Սահակյանը, Նելլի Մանուկյանը, Արմեն Հովակիմյանը, Արմեն Մովսեսյանը ու ամերիկյան կիրթառահար Դերիլ Դարդենը։ Նշենք, որ համերգի ժամանակ յոթ ստեղծագործություն առաջին անգամ է ներկայացվելու։ Տոմսերն արժեն 2000 -10 000 դրամ։

 



© NEWS.am STYLE