Դալիթան՝ ուկրաինացի հայտնի երգչի հետ համագործակցության եւ եվրատեսիլյան Heroes երգը հայերենով ներկայացնելու մասին (ֆոտո/վիդեո)

14:35   16 ապրիլի, 2018

Երգչուհի Դալիթան օրերս երաժշտասերների դատին հանձնեց իր նոր cover-ը, որը զուգերգ է ուկրաինացի հայտնի երգիչ Սերգեյ Սիսուեւի հետ: Երգիչները միասին կատարել են եվրատեսիլյան ամենահայտնի հիթերց մեկը՝ «Եվրատեսիլ 2015»-ում շվեդ երգիչ Մոնս Զելմերլովին հաղթանակ բերած Heroes երգը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դալիթան պատմել է ուկրաինացի երգչի հետ համագործակցության, Heroes երգի ընտրության եւ այն հայերենով ներկայացնելու մասին:

«Զուգերով հանդես գալու միտքը եղել է ESC Covers եւ Eurovision South Africa թիմերի կողմից, որոնք եվրատեսիլյան դուետներ են պատրաստում տարբեր լեզուներով: Առաջարկը ստացել եմ Անգլիայից՝ կայքի խմբագրի կողմից: Սիրով այն ընդունեցի, որից հետո ինձ առաջարկեցին երգել Սերգեյ Սիսուեւի հետ: Նա, ի դեպ, ճանաչված է նաեւ ԱՄՆ-ում եւ Իսրայելում»,-ասում է երգչուհին:

Խոսելով Heroes երգի ընտրության մասին՝ Դալիթան նշում է.

«Որոշեցինք ընտրել «Եվրատեսիլի» վերջին շրջանի հաղթած երգերից մեկը, ու քանի որ Heroes երգը բոլորս էլ շատ էինք հավանում, ես էլ նախկինում այն կատարել էի, ընտրեցինք հենց այն եւ որոշեցինք ամեն մեկս երգել մեր լեզուներով: Հուսով եմ՝ հետագայում էլ կլինեն համագործակցություններ Սերգեյի հետ»:

Իսկ մինչ այդ, երգչուհին պատրաստվում է ներկայանալ անհատական նորություններով.

«Անպայման կլինեն նորություններ, ուղղակի ժամանակի հարց է: Արդեն համարյա պատրաստ են երգերը, որոնցից մեկի հեղինակը հենց ես եմ»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

 

 

 



© NEWS.am STYLE