«Ես իսկական կին եմ». Վիկտորիա Բեքհեմը նշում է ծննդյան 44-ամյակը

15:10   17 ապրիլի, 2018

Այսօր` ապրիլի 17-ին, իր ծննդյան 44-ամյակն է նշում բրիտանացի երգչուհի, մոդել, դիզայներ, Spice Girls խմբի նախկին անդամ Վիկտորիա Ադամս Բեքհեմը:

2000 թ-ին Վիկտորիան դուրս է եկել խմբի կազմից եւ սկսել անհատական կարիերան:

Վիկտորիային մեծ ճանաչում է բերել նաեւ նրա ոճի զգացումը: Նրան սկսեցին անվանել ոճի խորհրդանիշ: Դիզայների կարիերան Բեքհեմը սկսեց Rock & Republic-ի համար ջինսե տաբատներ արտադրելով: Այնուհետեւ երգչուհի-դիզայները սկսեց աշխատել իր սեփական հավաքածուների վրա:

Վիկտորիան նկարահանվել է մի քանի ռեալիթի-շոուներում, այդ թվում` Being Victoria Beckham եւ The Real Beckhams վավերագրական ֆիլմերում:

Բոլորին է հայտնի, որ երգչուհին ամուսնացած է ամենացանկալի տղամարդանցից մեկի` անգլիացի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի հետ: Նրանք ունեն 4 երեխա` Բրուքլին Ջոզեֆ Բեքհեմը, Ռոմեո Ջեյմս Բեքհեմը, Քրուզ Դեւիդ Բեքհեմը եւ դուստրը` Հարփեր Սեվեն Բեքհեմը:

Այսօր առաջարկում ենք ընթերցել ոճային գեղեցկուհու ամենահայտնի մտքերից մի քանիսը:

«Ինձ դուր է գալիս նորաձեւությունը. սիրում եմ փոխել իմ ոճը՝ մազերս, դիմահարդարումս: Այն, ինչ արել եմ անցյալում, ինձ դարձրել է այնպիսին, ինչպիսին այսօր կամ: Ոչ բոլորին դուր կգա այն, ինչ ես եմ անում, բայց իմ անցյալին նայելն ինձ ստիպում է ժպտալ»:

«Կարծում եմ՝ կնոջ ամենասեքսուալ հատկանիշն ինքնավստահությունն է, բայց այն դեպքում, երբ այդ ինքնավստահությունն ունի համեստ դրսեւորում»:

«Ես ոչ սուպերմոդել եմ, ոչ էլ՝ դիմահարդար: Ես պարզապես իսկական կին եմ»:

«Առողջ քննադատության մեջ ոչ մի վատ բան չկա: Դրանից ես միայն սովորում եմ եւ ինքնակատարելագործվում»:

«Ես հարգում եմ բոլոր ուժեղ կանանց»:

«Նախանձ լինելն առողջ հատկանիշ չէ»:

«Ես երբեք չեմ փորձել հետեւել նորաձեւությանը եւ թրենդներին»:

«Ես առաջնահերթ հաջողակ եմ իմ ընտանիքով: Կցանկանայի, որ ընտանիքս միշտ լիներ երջանիկ եւ առողջ»:

«Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրն էլ կարող է հասնել իր ցանկացածին, եթե միայն շատ ու քրտնաջան աշխատի»:

«Անգամ եթե քեզ տվյալ օրը չբռնացնեն պապարացիները, հաստատ կգտնվի մեկն, ով կցանկանա քեզ հետ սելֆի անել: Այնպես որ՝ ամեն օր պետք է պատրաստ լինել տեսախցիկների հետ հանդիպմանը»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE